Երկեր եւ վիպակներ. Ատրպետ
Читать онлайн книгу.միջոցին քյալբալա Ղասըմին դուրս բերին մյուջթեհիդի տանից, ոտքերը շղթայած, դաստակները թևակապում զետեղված: Երկու անութների տակից մի հաստ պարանով նրան կապել էին, որի երկու ծայրերը երկու ձիավոր սեիդներ բռնած տանում էին երկու կողքից: Հետևից, առջևից մի քանի տասնյակ հետի մոլեգնած սեիդներ և ախունդներ էին շրջապատել և ահագին աղմուկով առաջ էին գնում: Ամբոխը իր նախատինքով, թքով ու կնճիռներով նրան ընդունեց և առաջնորդեց գեպի Թոփ-Խանե, իսկ Ղասըմը այդ սոսկալի դրությամբ, համր քայլերով առաջ էր գնում ժողովրդի միջով: Դատապարտյալը վշտաբեկ առաջ գնալիս աչքերը վեր անգամ չէր կարողանում բարձրացնել, մռայլ դեմքով, գետնին նայելով, առանց ուշք դարձնելու իրեն դեմ տեղացող սոսկալի հայհոյանքներին, քայլերը փոխում էր առաջ ու առաջ:
Այդ պահուն ձիավորված և ծառաների ընկերակցությամբ կողքի փողոցից անցնում էր Թաջիր Միր-Մուրթուզան, որը Թավրիզի մեջ անվանի հարուստ վաճառական էր, անհամար գանձեր ուներ, մեծամեծ կալվածներ և անթիվ գյուղեր: Սա իր բազմաթիվ ծանոթների, իր հարստության և գանձերի երկրպագուների շնորհիվ միշտ մտքից անցածը, ցանկացածը գլուխ էր բերել: Միր-Մուրթուզան այնպիսի դիրք էր ստեղծել իր անբավ գանձերով, որ նրա խնդիրքը ինչպես շահի պալատում, այնպես էլ դենպետների դռներում երբեք չէր մերժվել: Նա Ղասըմին շատ լավ էր ճանաչւււմ, այդ քանքան փորող արհեստավորը նրա համար շատ ջրանցքներ էր փորել, սարերից, ձորերից անցկացրել, նրա կալվածները, հանդերն ու այգեստանները ջրելու միջոց էր տվել և ամայի անապատները դրախտի վերածելու հնարներն էր գտել: Շնորհիվ իր սրամտության, տաղանդի, կորովամտության և անխոնջ աշխատության, Միր-Մուրթուզայի կայքերի եկամուտները ոչ թէ կրկնապատկվել, այլ քառապատկվել էին, իսկ Միր-Մուրթազան դեռ շատ կարիք ուներ, Ղասըմը նրա համար հարկավոր մարդ էր: Բայց որովհետև Միր-Մուրթուզան, ինչպես սովորաբար բոլոր հարուստները և կալվածատերերը, անչափ ագահ էր և սարսափելի ժլատ, միշտ խոստացածից շատ չնչին վարձով էր Ղասըմի հաշիվները փակել, ուստի Ղասըմը ոչ միայն նրան վիրավորելով հեռացել էր, այլ մինչև անգամ այս նեղ օրումն էլ չէր դիմել մեծատան օգնությանը:
Այդ սոսկալի թափորը տեսնելուց հետո, Միր-Մուրթուզան գործի մանրամասնությունների մասին իր սպասավորներից կարևոր տեղեկություններ իմանալուց հետո մտածեց ինքն իրեն, թե Ղասըմը իրեն կարևոր անձ էր, դրան այնպիսի մի փորձանքից, մի պատուհասից ազատելով, կարող էր ընդմիշտ ստրկացնել, ցմահ պարտավորեցնել և դրա ձեռքով իր կալվածները ծաղկեցնել: Ուստի առանց ժամավաճառ լինելու, ձիու սանձը թեքեց, գլուխն ուղղեց մյուջթեհիդի տան կողմը և շտապեցրեց, որ կարողանա մտադրությունը կատարել:
Մյուջթեհիդը մի բարի մարդ էր, ամեն գործ ծանրությամբ ու մանրազննությամբ քննող: Միանգամայն Միր-Մուրթուզային չհնազանդելու առիթ չուներ, քանի որ վերջինս էլ, ճշմարիտ հավատացյալների նման, ամեն տարի իր եկամուտների տասներորդը և աղքատների բաժինը այս դենպետի ձեռքով էր բաժանել տալիս կարոտյալներին: Ինքն էլ ճշմարիտ հավատացյալի, ջերմեռանդ տոհմիկի և պարտաճանաչ մուսուլմանի համբավ ուներ, ուստի դենպետը հավատաց իր ծխական վաճառականի խոսքերին:
– Ղասըմը ազնիվ մարդ է, – ասում էր կալվածատերը, – իսկ նրա հակառակորդը խաբեբա, կեղծավոր, խարդախ և սուտ վկա: Մինչև անգամ բաբիների մեջ են նրան տեսել քանի՛-քանի՛ անգամ իմ ծառաները: Այդ փուչ խաբեբան, իսկապես, արժանի էր դրանից էլ սոսկալի անարգանքի