Պատմվածքներ. Մուրացան
Читать онлайн книгу.առաջ երևալու, բայց երբ Ավետիքը հարևանցի կերպով ծանոթացրավ նրան պաստորի անձնավորության հետ, հայտնելով, որ նա ինքը իսկ այս քաղաքացի է և հայտնի դպիր Ղազարի տղան է, որին յուր հայրը մանկության ժամանակ մի քանի ոսկով ծախել էր նեմենցներին, որոնց մոտ նա մնալով ուսել էր «տիրոջ խոսքը» և ստացել այս մեծ պաշտոնը, և թե նա բոլոր «եղբայրների» հետ իրանց հասկացած լեզվով պիտի խոսի, այն ժամանակ ոսկերիչը սիրտ առավ և հագնելով յուր պահեստի հագուստները, ընկերացավ քարոզչին: Վերջինս նրան առաջնորդեց յուր տունը, ուր հավաքված էին բոլոր «եղբայրները»: Իսկ այստեղից նրանք բոլորը միասին գնացին և ներկայացան մեծապատիվ պաստորին:
Քարոզիչ Ավետիքը պաստորին ծանոթացրավ «եղբայրներից» յուրաքանչյուրի հետ, համառոտ ծանոթություններ տալով նրանց անցյալի և ներկայի վերա, և հետո ներկայացրավ յուր եռամյա գործունեության հաշիվը: Այս հաշվից պաստորը բավականությամբ տեսավ, որ քարոզիչ Ավետիքը այդ ոչ շատ երկար ժամանակամիջոցում կարողացել էր երեսուն և երկու հոգի լուսավորչական հայերից դարձնել ավետարանականության: Միայն շատ չախորժեց տեսնելով, որ ներկայացրած տոմարի մեջ քսանյոթ հոգի պարտական էին կենտրոնական սնդուկին բավական նշանավոր գումարներ: Օրինակ, բազազ Հարությունը՝ 1200 ռ., նրա աներձագ Հովակիմը 1400 ռ., մուշտակագործ Ալեքսանը՝ 1000 ռ., ոսկերիչ Կարապետը (մեր ծանոթ Կարոն)՝ 1500 ռ., ոսկերիչ Սիմոնը՝ 900 ռուբլի: Սրանք բոլորը ստացել էին կանխիկ դրամ իրանց անհրաժեշտ պիտոյից համար:
Այնուհետև գալիս էին երկրորդական ճանապարհներով պարտապանները:
– Հյուսն Մաթեոսի տունը հրապարակական աճուրդից ազատելու և նրա պարտատերերը գոհացնելու համար ծախսված էր 1100 ռուբլի:
– Նրա արհեստակից Սարգսին ձիու գողության մեջ բռնված լինելուն պատճառով 18 ամսվա բանտարկությունից ազատելու և ձիատերը գոհացնելու համար 160 ռուբլի:
– Նախկին առևտրական փականագործ Հովհաննեսին յուր կինը և որդիները յուր ուղղափառ դավանության դարձնելուն համար ընծա 300 ռուբլի, այլև նրա կնոջը և որդոց մի – մի ձեռք հագուստ, արժեքը 120 ռուբլի:
– Գրագիր Դանիելի համար սեղանապետի պաշտոն ձեռք բերելու համար երկու անձանց բարեխոսությունը վաստակելու համար նվեր 250 ռուբլի, այլև նոր տարվա օրը նույն անձիքների համար ընծա երկու գլուխ շաքար և երկու գլուխ թեյ, 14 ռ. 40 կոպեկ:
– Փողհար Ասրիբեկի չհաս պսակը հաջողեցնելու համար նվեր 300 ռ.: Եվ հետո այդ երկուսին ավետարանականություն ընդունելու համար նվեր մի միահարկ տուն, արժողությամբ 490 ռուբլի:
Սրանից հետո նշանակված էին մանր պարտապանների անունները կամ փոքր գումարով արված նվերները: Սրանք այնքան աննշան էին, որ երկար թվումն մասանց անել ավելորդ է, կհիշենք միայն մի քանիսը: Օրինակ, Ծառաձագ գյուղացի Կարապետին նվիրված էր 26 ռուբլու արժողությամբ մի էշ, խառատ Հովսեփին 90 ռուբլու արժողությամբ հյուսնի գործիքներ, Բալլու գյուղացի Մկրտչին փոխ տված էր 60 ռուբլի, երկու ջրաղացի քարեր գնելու համար, այսպես իմացիր և մնացածները:
Ներկա եղող երեսուն և երկու հոգուց միայն հինգ հոգի կային, որոնք «եղբայրություն» էին ընդունել առանց որևէ նյութական նպաստ ընդունելու: Դրանցից մինը ոսկերիչ Գրիգորն էր:
Պարոն պաստորը այս վերջիններին առավել մեծարանքով ընդունեց և ամեն տեսակ հարգանաց և գովեստի արժանի հայտարարեց նրանց:
Հետո