Ազգային ջոջեր. Հակոբ Պարոնյան
Читать онлайн книгу.այն ատեն, թե ազգը մեծ օգուտ քաղեց անոնց ուղևորությունեն, թե ձայն հանելու չէ, այդ օգուտին ինչ ըլլալը վերջեն պիտի հասկցվի: Ասոր համար է, որ շատերն իրենց բերանը բացած` գործերուն վերջը դիտելու կը պատրաստվին: Եթե այս օգուտներուն երևակայականն մեկդի նետելով իրականին դառնանք` սա օգուտը կը գտնենք, որ առաջ գավառներու մեջ եթե տարին հարյուր հոգի կսպաննվեին` այսօր հազար կսպաննվին և այս ալ մեծ օգուտ է անշուշտ անոնց, որք բազմութենե չեն ախորժիր:
Պետք չէ մոռնալ այն մեծ ծառայություններն, զորս մատուցած է ազգին երեսփոխանական ժողովո մեջ: Յուր ատենաբանություններն շատ ներդաշնակ էին, երեժշտական խումբ մը կը պակսեր զանոնք ավելի ազդու գործելու համար: Յուր ճառերն նույն ազդեցությունը կընեին երեսփոխաններու վրա, ինչ ազդեցություն որ կընեն հատընտիր քաղվածք դպրոցական աշակերտներու վրա:
Չափազանցություն ըրած չենք ըլլար եթե ըսենք թե` իբրև մատենագիր ավելի ծառայած է ազգին քան իբրև կուսակրոն:
Յուր աշխատասիրություններուն մեկ մասը 1879-ին Բերայի հրդեհին հրո ճարակ եղան, ինչպես որ կըլլան դժբախտաբար ամեն երկասիրություններն, որք տպված չեն… գրված չեն:
Այդ գործերու մոխիր դառնալն մեծ կորուստ մ’է անշուշտ ազգին համար, բայց կրնանք մխիթարվիլ յուր հրատարակած գործերով, որոնք քիչ բացառությամբ, արժանիք ունեին… մոխիր դառնալու: Խորեն եպիսկոպոս ունի այսօր տասներկու գործեր: Ասոնց մեջն է Ալաֆրանկա կատակերգությունն, որ կապիկի պես ամեն բանի մեջ ուրիշի նմանելե հառաջ եկած վնասները կը հարվածե: Վարդենիք, անմեղ սերե ներշնչված գողտրիկ ոտանավորներ: Դաշնակք Լամարթինի անմահ բանաստեղծին ոտանավորներում գրաբար թարգմանությունը` զոր հասկանալու համար այն ատենները չորս հոգիե բաղկացյալ մասնաժողով մը կազմվեցավ, որն որ անկարող ըլլալով զայն լուծել թարգմանիչին դիմեց, որ ներումն խնդրելով պատասխանեց թե` վրայեն բավական ժամանակ անցած ըլլալուն պատճառավ ինք ալ չէր կարող հասկնալ: Քրիստոնեական, որ կը պատվիրե էրիկներուն ներել իրենց կիներուն, որքան ալ անպարկեշտ ըլլան, որքան ալ մեծ ըլլա անոնց սիրականներուն թիվը: Նախակրթական ֆրանսերեն լեզվի, ի պետս անոնց, որք փափաք չունին ֆրանսերեն սովրելու: Ստվերք հայկականք, որոնց մեջ առաջին տեղը կը գրավե զհայրենյաց ասա մեզ բան: Օտար լրագիրներու մեջ անդրալեռնականներու դեմ պաշտպանած է Հայաստանյայց եկեղեցին և ժողովրդյան համակրությունը գրաված է:
Խորեն եպիսկոպոս անուշ բնավորություն մ’ունի. ամենուն հետ այսպես կը վարվի, ինչպես որ խմբագիր մը կը վարվի այն մարդուն հետ, որ տարվան մը բաժանորդ կը գրվի և բաժանորդագինն ալ կանխիկ կը վճարե: Վարքեն կրնանք գուշակել թե յուր հարգած սկզբունքներն հետևյալներն ըլլալու են.
“Սիրե հայրդ ու մայրդ… եթե հարուստ են,
“Սիրե թշնամիներդ … երեսանց,
“Սուտ մի խոսիր… եթե շահ չունիս:
“Թող մի տուր կիրքերդ գերի ըլլան անձիդ.
“Դրացիներդ անձիդ պես սիրե”:
Մեռյալներուն գալով` անոնց հետ ալ ավելի քաղցրությամբ կը վարվի: Այնպիսի սրտառուչ դամբանականներ կարձակեր, այնպիսի պերճախոսությամբ կը գովեր արքայությունն, որ ներկա գտնվողները մեռնելու փափաք կզգային: Չմոռնանք սակայն ըսել թե` երբեմն ալ մեռյալն արքայութենեն ավելի կը գովեր` որով ննջեցյալն նախապատիվ կը սեպեր դագաղին մեջ մնալ քան թե արքայության մեջ: Ազգային հիվանդանոցին մոմերուն պես կարգերու կը բաժնվեին յուր