ՀԵՌԱՑՈՂ ԵԶԵՐՔ. Վեպ – ռեքվիեմ. ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ
Читать онлайн книгу.նչքան տխուր է տեսնել աչքերը կոտրված թևերով թռչունին, որ այլևս իզուր իր արյունած թևերը քարերուն կըզարնե նորեն բարձրանալու կապույտին ու արևին:
Համաստեղ
Քարտուղարուհու զանգի մեջ տարօրինակ ոչինչ չկար: Նրա խոսելու ձևը՝ մտերմիկ-հարձակողական, նույնպես սովորական էր: Բայց այն, ինչ տեղի ունեցավ հետո, միանգամայն զարմանալի ու անսպասելի էր:
– Տանը քեզ համար դինջ նստել, հանգստանում ես, իսկ գիտե՞ս, որ հյուր ունես Երևանից:
– Սիրելիդ իմ Արինա, – ոչ չար հեգնանքով ասացի ես, մտածելով, որ հեռուստահաղորդման ժամ է, բաժնում, հավանորեն, իրենից բացի ոչ ոք չկա, և նա ձանձրույթից է զանգել:– Կներեք, ես միանգամայն մոռացել էի զեկուցել ձեզ, որ, համաձայն գլխավոր խմբագրի հետ ունեցած բանավոր պայմանավորվածության՝ տանը շտապ հաղորդում եմ պատրաստում: Ամենայն հավանականությամբ, գլխավորը նույնպես մոռացել է տեղեկացնել ձեզ: Խոնարհաբար խնդրում եմ, ներողամիտ եղեք մեր հանդեպ և ընդունեք խորին հարգանացս հավաստիքը:
Արինան ամուսնու կողմից ինձ հեռու բարեկամ էր գալիս: Մոտ երեք տարի առաջ, ամռանը, իմ այդ հեռու բարեկամը եկավ խմբագրություն և սկսեց նրանից, որ կրտսեր տղայի համար Ղարաբաղից հարս են բերել, շատ լավ հարս է ու շատ էլ լավ աղջիկ է. և՛ մեքենագրել կարող է, և՛ համակարգչից է հասկանում, բայց, դե, ի վերջո, ասաց նա, հայկական կրթությամբ հնարավոր չէ այստեղ աշխատանքի տեղավորվել, եթե կարող ես՝ օգնիր, ինստիտուտն էլ էս տարի է ավարտել՝ ոսկի մեդալով: «Ոսկի մեդալով ինստիտուտ չեն ավարտում, – բարեհոգի ժպիտով ասացի ես: – Գուցե համալսարա՞ն»: «Ի՞նչ իմանամ, գուցեև՝ համալսարան, – արդարացավ իմ հեռու բարեկամը: – Վարսավիր մարդ եմ, էդպիսի բաներից գլո՞ւխ եմ հանում»: Գլխավոր խմբագրին խնդրեցի, նա չառարկեց՝ «Դե որ ասում ես՝ ես կարո՞ղ է դեմ լինեմ»: «Վաղը թող գա, – գլխավորի առանձնասենյակից դուրս գալով, ասացի ես: – Ասացեք թող առավոտյան փաստաթղթերը վերցնի, գա»:
Ահա այսպես Արինան հայտնվեց Ադրբեջանի հեռուստատեսության ու ռադիոհաղորդումների պետական կոմիտեի հայկական ծրագրերի խմբագրությունում:
Հենց առաջին օրվանից Արինան՝ բարեկազմ, նուրբ ու սիրունիկ թուխ դեմքով, հրացայտ սև աչքերով, իմ նկատմամբ անսքող համակրանք էր տածում: Չնայած դա չէր խանգարում, իհարկե, որ նա՝ դյուրաբորբոք ու պոռթկուն, ղարաբաղյան իր հարուստ բառապաշարի ոսկե ֆոնդից համեմունքներ հրամցներ նաև ինձ. «Տիպտ կտրվի, երեկ որտե՞ղ էիր»: Կամ՝ «Լսիր, էդ ո՞ւմ հետ էիր չանչախ կտրել, մի ժամ է զանգում եմ՝ հեռախոսդ զբաղված»:
– Եվ ո՞վ է այդ հյուրը, – հարցրի ես, զգալով, որ Արինան մենակ չէ, այլապես հազիվ թե նա լռին կուլ տար իմ անչար խայթոցները:
– Այդ հյուրը… բա չասի՞ Երևանից, – իբր բարկացած՝ ասաց նա: – Երևանը Հայաստանի մայրաքաղաքն է:
– Ապրես, – ասացի ես, – ահագին լուսավորեցիր: Հեռախոսը տուր իրեն:
Մի փոքր դադար:
– Բարև, Լեո ջան: Իմ անունը Արմեն է: Արմեն Հարությունյան՝ սկսնակ բանաստեղծ: Մեր ազգային ամենամեծ բանաստեղծներից մեկի՝ Ավետիք Իսահակյանի թոռ Ավիկ Իսահակյանից ջերմ բարևներ եմ բերել ձեզ, – շուտասելուկի պես վրա տվեց ինձ անծանոթ Արմեն Հարությունյանը: – Խնդիրն այն է, որ ես այսօր անպայման պիտի տեսնեմ ձեզ, Լեո ջան, սա՝ ոնց որ փափագ, պիտի կատարվի, ես պետք է հանդիպեմ ձեզ, Լեո ջան, կարևոր խոսելիք ունեմ, հեռախոսով ասելու բան չէ: Ավիկն ասաց, որ միակ մարդը, որ կարող է օգնության ձեռք մեկնել ինձ՝ հայրենիքից հեռու այս օտար ափերում, Լեո ջան, չեմ թաքցնում, դու ես: Կարո՞ղ եմ հիմա գալ մոտդ: Աղջիկներն էստեղ մոտավորապես բացատրեցին տանդ տեղը, էս ի¯նչ հոյակապ աղջիկներ են, ի¯նչ շենք ու շնորհք, ի¯նչ ազնիվ հոգի… Իրանի հյուպատոսության կողքի շենքում եք, չէ՞, ապրում:
– Այո, – ակամա արձագանքեցի ես՝ համարյա ոչինչ չհասկանալով նրա կցտկտուր բացատրություններից, – երեսուներորդ շենքն է, երկրորդ մուտք, բնակարան՝ տասնվեց:
Քառորդ ժամ չանցած՝ Արմենն արդեն ինձ մոտ էր: Թիկնեղ ու ժպտերես՝ նա հաճելի տպավորություն թողեց:
– Առաջին անգա՞մ եք Բաքվում, – ես հարցը տվեցի մի բան ասած լինելու համար, միաժամանակ հրավիրելով նրան նստել, իսկ ինքս սկսեցի սուրճ պատրաստել:
– Հա, առաջին անգամն է:– Արմենը չնստեց, քայլում էր սենյակում, ուշադիր դիտելով չորս կողմը:– Մի շաբաթ չկա, որ եկել եմ: Բարեկամիս մոտ՝ Բայիլովում եմ մնում: Մե¯ծ քաղաքում ես ապրում, Լեո ջան, փայլուն, անհանգիստ, շլացուցիչ է էստեղ կյանքը, մեծ քաղաքում ապրելը երջանկություն է: Բա ծո¯վը, ծովն ինչ ասես արժե: Սիրեցի ես Բաքուն, ախպեր, ազնիվ խոսք, շատ սիրեցի, ու թե գործերս էլ լավ գնան, ուրեմն էս քաղաքը հարյուր տարի պիտի հիշեմ: Մայակովսկին ճիշտ է ասել, որ ինչ-որ բան կա, որ մարդուն ձգում, պահում է էստեղ: – Արմենը նստեց բազմոցի ծայրին, կրկին ելավ ու դարձյալ սկսեց քայլել: – Եվ սա հայոց քաղաք էր, Լեո ջան, հայոց քաղաք էր, ոնց որ ժամանակին Թիֆլիսն էր հայոց քաղաք: Դու գիտե՞ս եզդիների անեկդոտը, – կանգ առնելով հարցրեց նա ու պատմեց, – եզդին ասում է՝ հայ ժողովուրդ շատ լավ ժողովուրդ. Թիֆլիսը սարքին՝ տվին վրացոց, Բաքուն սարքին՝ տվին ադրբեջանցոց, Երևանն էլ սարքում են՝ տան մեզ, իրենք գնան Ամերիկա: Զիլ է, չէ՞, – ծիծաղեց Արմենը: – Երեկ էստեղի հայոց եկեղեցու հոգևոր հովիվ Արաբաչյանի հետ ծանոթացա: Նա եկեղեցական հին մատյաններ ցույց տվեց ինձ, մինչև 1914 թվականը, նույնիսկ հինգ-վեց թվականների Բաքվի կոտորածներից հետո, այսօրվա Ադրբեջանի տարածքում մեկ միլիոն հարյուր քսաներեք հազար հայություն էր ապրում, հենց մենակ Ղարաբաղում երկու հարյուր քսան գործող եկեղեցի կար: Տասնութ թվականի սեպտեմբերին, Ստալինի մեղքով, թուրքերը գրավեցին Բաքուն, մինչ այդ ճանապարհին կոտորածի ու ավարի մատնելով հարյուրավոր հայկական գյուղեր՝ Նուխիից սկսած մինչև Շամախի, որը մինչև անցյալ դարի հիսունիննի