Թ Ու Խ Ճ Ա Յ Ը (Պատմվածք. Մանրաքանդակներ. Երկու վիպակ). ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ
Читать онлайн книгу.հիմա քո ճայերի մասին ես մտածում,– ասաց կինը։
–…
– Դու ճայերի սիրահար ես։ Ես դա գիտեմ։ Դու բանաստեղծություններ շատ ունես ճայերի մասին։
Տղան ուշադիր նայեց կնոջը, մթության մեջ կնոջ մազերը սև էին, այտերը թուխ էին, ամբողջ դեմքը թուխ էր։
–Եթե ես ճայերի սիրահար եմ, ապա սիրահար եմ նաև քեզ։ Դու նման ես գեղեցիկ ճայի,-ժպտաց նա։– Դու իմ թուխ ճայն ես…
Տղան մտածում էր այն մասին, որ երբեմն հարկ է լինում բաժանվել նրանից, ում սրտանց սիրում ես, որրպեսզի առաջվա նման սիրես նրան:
Աջ ձեռքով գրկած կնոջը, նրանք բարձրացան բանուկ արահետով, իսկ երբ երևաց կանգառը, տղան ասաց
–Ես այստեղ կկանգնեմ, դու գնա, ծանոթներ կլինեն հանկարծ։– Տղան մատները քսեց կնոջ շուրթերին։– Մնաս բարով։ Ես քեզ երբեք չեմ մոռանա։ Երբեք-երբեք։
–Ես նույնպես։ Ես նույնպես չեմ մոռանա: Ես չեմ կարող մոռանալ, եթե նույնիսկ ուզենամ: Եթե նույնիսկ շատ ուզենամ: Աստված իմ, ամեն ոք կարող է տեսնել ինչ տեսք ունես, բայց ամեն ոք չէ, որ կարող է իմանալ, թե ինչ է կատարվում քո հոգու խորքում: Հավատա, լինում են րոպեներ, որ ապրել չես ուզում, այլ ուզում ես թախծել, միայն թախծել ու լալ, Ինչո՞ւ ես սիրեցի քեզ, ասա, ինչո՞ւ եմ սիրում,– կնոջ ձայնը դողաց, աչքերը լցվեցին արցունքով։– Ասա ինձ, ո՞ւմ համար է անտանելի ծանր՝ նրա՞, ով հեռանում է, թե նրա՞, որից հեռանում են:
– Նրա, ով խենթորեն սիրում է:
– Ես հեռանում եմ: Ինձ համար անչափ ծանր է, որովհետև խենթորեն սիրում եմ քեզ… Ապրիր և հիշիր։– Նա սեղմվեց տղային: Կինը չէր ուզում նրանից պոկվել։– Ուրեմն վե՞րջ, էլ չե՞նք հանդիպելու…– Նա այլևս չէր կարողանում պահել արցունքները։ -Գիտե՞ս, ամենից սարսափելին ոչ թե անփոխադարձ սերն է, այլ երբ այն փոխադարձ է, բայց դուք միասին չեք:
Հեռվում երևաց ավտոբուսը։
–Մի անգամ էլ հանդիպենք և վերջ,– հանկարծ ասաց կինը։
Տղան լուռ էր։
– Միայն մի անգամ։
–Լավ,– ի վերջո ասաց տղան։ Ուզում էր ասել. ''Ոչ'', բայց, ինքն էլ չիմացավ ինչպես, ասաց՝ ''Լավ''։
Կինը նայեց նրան լուսաշող աչքերով, շրջվեց, գնաց դեպի կանգառ։ ճանապարհին շրջվեց՝ մի անգամ ևս տղային նայելու, և ձեռքով հրաժեշտ տվեց։ Նա երևի ժպտաց մթան մեջ։
Ավտոբուսը գնաց։ Թուխ ճայը չկար։ Սպիտակ ճայերը չկային։ Տղան մենակ էր։
Ներքևում, ժազռաբեկորներից այն կողմ, երևում էր ծովը։ Ծովն ասես համատարած սև ցել էր, և լուսինը շողշողուն արահետ էր կապել սև ցելերի վրայով… Ընկնես այդ արահետն ու գնաս, գնաս դեպի այնտեղ, ուր ոսկեզօծ արևի ներքո ճվում, ճախրում են ճերմակաթև ճայերը…
=================
ԷՍՍԵ
Է Ն Լ Ո Ռ ՈՒ Ձ Ո Ր Ն Է …
Ուղիղ քառասուն տարի առաջ չքնաղագեղ մի աղջկա՝ Ադրբեջանի բժշկական ինստիտուտի առաջին կուրսի ուսանողուհի Ռիմա Հարությունովայի հետ որոշեցինք Բաքվից ճանապարհվել Ղարաբաղ, իմ հայրենի գյուղ՝ Չլդրան, այնտեղից Շահումյանով, Գետաշենով, Գյոգ-գյոլով, Խանլարով, Թբիլիսիով՝ Դսեղ, տեսնելու այն վայրերը, ուր ծնվել, մեծացել էր ինձ համար այնքան պաշտելի Հովհաննես Թումանյանը։
Քառասուն տարի է անցել այդ օրվանից, ինչքան բան է փոխվել, ինչքան լավ ու վատ օրեր են եղել, լավը՝ քիչ, վատը՝ շատ, ինչքան ջրեր են հոսել։ Պարզ է, ավաղ, չկան այլևս բոլոր նրանք, ովքեր տեսել էին Թումանյանին և որոնց հետ մենք բախտ ունեցանք ծանոթանալու այն ժամանակ, լսելու նրանց