Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա. Վահան Թոթովենց
Читать онлайн книгу.կըսե, Ալմաստ մըլ բերնեն կըյնի․․․ տունը֊տեղը լեցուն, վաստակը տեղը․․․
Նազար աղան բազարի հետընկած մի անկյունում մի փոքրիկ եռանկյունաձև կրպակ ուներ, որտեղ զինվորների համար պատրաստի նամակներ էր գրում։ Նրա ողջ «գրասենյակի» կահ֊կարասին՝ մի խարխուլ սեղան, մի աթոռ, որ հազար ու մի թելերով կապել էր, մի թանաքաման՝ մեջն ամբողջ մաղ, թուրքերեն գրելու համար մի քանի եղեգե գրիչներ, մի հողե ջրաման, մի բաժակ՝ այնքան փոշոտած, որ թափանցիկ չէր, և մի ավել, որ անգործածելի լինելուն համար դարձել էր սարդի բույն։
Նազար աղան, բացի պատրաստի նամակներից, ժառանգական և ամուսնական դատերի համար աղերսագրեր էր գրում։ Այդ աղերսագրերը նա արտադրում էր մի հաստափոր գրքից, փոխելով անուններն ու թվականները։
Պատրաստի նամակի համար ստանում էր տասը փարա, իսկ աղերսագրերի համար՝ 60 փարա։
Արդյոք Նազար աղան մի օր մտածե՞լ էր հորաքրոջս մասին։ Չեմ կարծում, որովհետև մեր տան լուսամուտի առաջից անցնելիս՝ քիթը վեր չէր առնում և հորաքրոջս մտիկ չէր տալիս։
Մի անգամ Նազար աղայի մասին հարց տվի մորս։ Նա ասաց․
– Աղեկ մր չեմ հիշեր, տղա՛ս, շատ տարի առաջ ատպես խոսք մը եղավ, բայց խոսքն ըլ խոսք մնա՜ց։
Ես բաղնիս գնում էի մեր տան կանանց հետ։
Մինչև հիմա էլ չեմ սիրում արևելյան բաղնիքը, որովհետև մինչև հիմա էլ հիշում եմ կավերի հոտը, գոլորշին, սիրտ մարեցնող տաք և խըշխըշ ջուրը և կանանց բլրացած ճարպն ու միսը։
Հորաքույրս բաղնիքում միշտ լողանալով չէր զբաղվում։
Նա ամենայն ուշադրությամբ և չարությամբ դիտում էր հասունացած աղջիկներին, որպեսզի դուրս գար բաղնիքից և սկսեր խոսել և բամբասել։ Բաղնիքից անմիջապես հետո չէր կարող դռնե֊դուռ մտնել և սկսել բամբասանքը, որովհետև, հոգնած էր լինում, այնքան չեչքար էր քսում մարմնին և վառող֊թափող դեղեր էր գործածում։
Բայց հաջորդ օրը հորաքրոջս օրն էր։ Յուղոտում էր ծնոտները, անտիկ շալը գցում գլխին, ընկնում հարևանների տները։
Մտնում էր Եղիս խանումի մոտ։
Եղիս խանումը մի կին էր, որ իր իսկ շվաքից էր վախենում, որի տան լուսամուտների վարագույրները միշտ փակ էին, ուրիշի անունը չէր արտասանում, որպեսզի մի գուցե բամբասանք չդառնա։ Եղիս խանումն ուներ մի տղա (40 տարեկան) և մի աղջիկ (35 տարեկան)։ Որդուն չէր պսակել, որպեսզի քաղաքում խոսք֊զրույց չլինի, իսկ աղջկան էլ տեսնող չէր եղել, որ ուզեր։
Մայրը նրան տարին մի անգամ միայն դուրս էր հանում, այդ էլ միայն եկեղեցի տանելու համար։ Կանգնեցնում էր վերնատան ետևը, թույլ տալով միայն, որ քթի մի մասը և երկու աչքերի միայն մեկն ազատագրի երեսի քողից։
Հորաքույրս դիտմամբ երևակայում էր, որ Եղիս խանումը միտք ունի Գուվար խանումի աղջիկն ուզելու որդու համար։ Հորաքույրս սկսում էր բամբասել Գուվարի աղջկան, որին բաղնիսում տեսել էր բոլորովին մերկ։
– Կռնակի վրա երկու դանակի նշան կա, ով գիտե ի՞նչ հիվանդություն ունի, չըլլի թե Սմբատիդ համար ուզես, – բամբասում էր հորաքույրս։
– Սմբատս հալա կարգվելու չէ, – պատասխանում էր Եղիս խանումը։
Իսկ Սմբատը 40 տարեկան էր։
– Պարտք սեպեցի քըզի ըսիմ, – ավելացնում էր հորաքույրս։
Մտնում էր ուրիշ տուն։
– Հազարխան խանումի աղջիկը ճռվները (սրունքները) դեղ կքսեր, հալբեթ հիվանդություն ունի։
Մի ուրիշ տեղ՝ մի աղջկա մասին։
– Երեսը