.
Читать онлайн книгу.երկաթե սանդուղքից դեպի սպասող նավակը իջնելու: Ես փոխանակ պատասխանելու սկսա հետաքրքրությամբ նայել նրա տարօրինակ հագուստի և դեմքի վերա: Առաջինը նմանում էր մեր քահանաների հագուստին, բայց նրա դեմքը բոլորովին հակապատկերն էր ներկայացնում:
– Դուք չե՞ք պատասխանում, – կրկին հարցրեց տարօրինակ դեմքով և հագուստով մարդը:
– Ինչպես չէ, պետք է դուրս գնամ, – պատասխանեցի ես:
– Ուրեմն շտապենք, միայն մի նավակ է մնացել, – հարեց նա և առաջ անցավ:
Ես հետևեցի նրան և երկուսս միասին իջանք նավակը:
– Ամենից առաջ ես կամենում եմ ձեզ հետ ծանոթանալ, կշնորհե՞ք ինձ ձեր անունը, – հարցրեց անծանոթը, երբ մենք մեր իրեղենները տեղավորելով նստանք նավակի մեջ:
– Արամ Բյուրատյան, – պատասխանեցի ես և սպասում էի, որ ինքն էլ յուր անունը հայտներ, բայց նա բոլորովին ուրիշ կերպ սկսավ յուր խոսակցությունը:
– Շատ լավ, շնորհակալ եմ. ուրեմն Արամ Բյուրատյան, կաշխատեմ չմոռանալ: Բայց գիտե՞ք ինչ ցավալի բան պատահեց շոգենավում:
– Ոչինչ չգիտեմ, – պատասխանեցի ես և սկսա հետաքրքրությամբ լսել նրան:
– Զարմանալի բան պատահեց:
Ես փոքր ուշացա այնտեղ, և կարծում էի, թե այլևս նավակ չեմ գտնիլ քաղաք դուրս գալու համար և կամ միայնակ մնալով թանկ կվճարեի նավակին. բայց ինչպես երևվում է սուրբ Տիրամոր աչքը քաղցր է յուր ծառայի վերա նա ձեզ նման մի բարի երիտասարդին ընկեր տվավ ինձ:
Ես տեսա որ իմ անծանոթը բնական դրության մեջ չէր, բայց ցանկանալով մի բանով վարձատրել նրա հաճոյախոսությունը մեքենայաբար հարցրի.
– Ինչո՞ւ համար էիք ուշացել շոգենավում:
– Օ՛, դրա պատմությունը խիստ հետաքրքիր է. ես իսկույն կասեմ ձեզ: նավապետը առանձին ճաշ էր պատրաստել յուր սենյակում և ինձ հրավիրել էր: Մենք շատ լավ ճաշեցինք, պետք է խոստովանել, և շատ երկար նստանք սեղանի շուրջը: Երևակայեցեք. ժամը մեկից սկսած մինչև այժմ մենք խմում էինք, և գիտե՞ք որքան շատ խմեցինք… Օ՛, երևակայել չեք կարող: Շա՛տ պատվական մարդ է նավապետը, դուք ծանո՞թ եք նրա հետ:
– Ո՛չ, – պատասխանեցի ես:
– Ափսո՛ս, շատ ցավում եմ, պետք է որ ծանոթանայիք. նա շատ պատվական մարդ է և զարմանալի հյուրասեր: Գիտե՞ք. նա յուր մառանի ամենալավ գինին էր հանել ինձ համար, և ի՞նչ գինի, կարո՞ղ եք միթե երևակայել: Ես նրան ասում եմ, Իվան Պավլովիչ, շատ մի խմացնիր ինձ, ես կարող եմ հարբել և նավակից գլորվիլ ծովի մեջ, բայց նա այս խոսքի վերա ծիծաղից թուլանում է և անդադար նեկտարը լցնում է բաժակիս մեջ: Իհարկե, նա գիտեր, որ ես հարբողը չեմ, բայց ինչ որ էլ որ լինի, հոգևորականը մի քիչ չափավոր պետք է լինի արբեցության մեջ, այնպես չէ՞:
Վերջին խոսքերը, որ նա շատ ցած և խորհրդավոր ձայնով արտասանեց, ինձ զարմացրին:
– Ինչպե՞ս. մի թե դուք հոգևորական եք, – շտապով հարցրի ես:
– Իհարկե, մի՞թե դուք չգիտեիք: Ես քահանա եմ, և ինձ անվանում են պատեր – Սիմոն:
– Քահանա՞… – զարմացմամբ հարցրի ես և աչքերս սևեռեցի նրա դեմքին:
– Իհարկե քահանա, միթ՞ե չեք տեսնում, հա՛, հա՛, հա… և սկսավ նա այնպես բարձր ձայնով ծիծաղել, որ նավաստին ետ շրջվեցավ և մի րոպե թիակները անշարժ թողնելով սկսավ մեծ մեծ աչքերով նայել տարօրինակ քահանայի վերա:
– Ի՞նչ բանի ես նայում, ապուշ, – գոռաց նրա վերա պատեր – Սիմոնը,