Դավիթ Բեկ. Րաֆֆի
Читать онлайн книгу.ներքո, որը սատանայի նման հսկում էր նրա վրա: Այս գիշեր մի դիպվածով նա տանը չէր, գնացել էր իր աղջկա մոտ: Եթե տանը լիներ, Եսթերը նրա մասին էլ շատ գանգատներ կաներ իշխանին: Այդ պառավը նրա հոգին առնում էր, չէր թողնում ջահիլ տղերքի հետ խոսի, չէր թողնում մենակ տնից դուրս գնա… Եսթերը շատ անբախտ էր, Եսթերը մի լավ օր չէր տեսնում… Հուդիթների այդ գեղեցիկ, մանկահասակ քույրիկը այրվում, տանջվում, խորովվում էր երկու պառավների ճանկերի մեջ… և նրա սրտի բոլոր տանջանքները կարելի էր նկատել նրա վշտացած, գունաթափ դեմքի վրա:
Գիշերից բավական անցել էր: Այժմ Հարունին անհանգստացնում էր ոչ թե կնոջ անզգամությունը, այլ գլխավորապես այն միտքը, թե ի՞նչ պետք էր անել անտանելի հյուրի հետ: Պահել նրան իր տանը չէր կարող, իսկ այն ուշ, գիշերային պահուն դռները բաց անել նրա առջև, այդ ոչ միայն անկարելի էր, այլ իր երկրի հյուրասիրական սովորություններիին բոլորովին հակառակ: Բայց ինչո՞վ հյուրասիրել նրան: Չնայելով որ այն օր ուրբաթ էր, չնայելով որ ուրբաթ օրը ամեն մի հրեայի տնում նախապես պատրաստվում են շաբաթվա բոլոր կերակուրները, իսկ իր տնում ոչինչ պատրաստություն չկար: Ուրեմն, պահելով հյուրին իր տանը, նա պիտի արդարացներ Եսթերի գանգատը, թե հրեաների մեջ ամենահարուստ ամուսինը իր կնոջը քաղցած էր պահում: Այս պատճառով Հարունը շատ ուրախ եղավ, երբ իշխանը հրամայեց նրան հայտնել ծառաներին, որ ձիաները պատրաստեն:
– Միթե իմ տունը արժան չէ՞ ձեզ մի գիշեր անցկացնելու համար, – ասաց նա կեղծ քաղաքավարությամբ: – Այժմ ու՞ր կարող եք գնալ, շատ ուշ է:
– Չեմ կարող մնալ, – պատասխանեց իշխանը:
– Մնացեք, խնդրում եմ… – աղաչում էր Եսթերը այնպիսի մի ձայնով, որ կարող էր ազդել ամեն մի երիտասարդ սրտի վրա:
Հարունը թեքվեցավ և այնպես պարզ փսփսաց կնոջ ականջին, որ բոլորը լսեց իշխանը.
– Դու չե՞ս հասկանում, հիմար, որ հրեայի տունը, հրեայի հացը պիղծ է քրիստոնյայի համար:
– Ես նրա համար մաքուր անկողին կպատրաստեմ, – ասաց կինը լսելի ձայնով, ուշադրություն չդարձնելով, որ այրը նրա հետ ծածուկ է խոսում:
– Շնորհակալ եմ, Եսթեր, – ասաց իշխանը դառնալով դեպի կինը, – ցավում եմ, որ չպիտի կարողանամ մնալ. մի անհրաժեշտ գործ ստիպում է ինձ հեռանալ այստեղից: Բայց խոսք եմ տալիս, երբ մյուս անգամ կգամ կնիքները ստանալու, գիշերը հյուր կմնամ ձեզ մոտ:
Հարունը առանց սպասելու իշխանի հրամանին, դուրս եկավ խրճիթից ծառաներին պատվիրելու, որ ձիաները պատրաստեն: Այդ միջոցին Եսթերը մոտեցավ իշխանին, և նրա աջը բռնելով իր դողդոջուն ձեռքերի մեջ, կրկին սեղմեց իր վառված շրթունքների վրա, ասելով.
– Ես ձեզ շատ բաներ ունեի ասելու… խիստ շատ բաներ… Ափսո՛ս որ չմնացիք…
Խեղճ կնոջ աչքերում երևացին արտասուքի կաթիլներ:
Դրսից լսելի եղավ Հարունի հազալու ձայնը, որ նշան էր, թե ահա գալիս եմ: Կինը հեռացավ իշխանի մոտից:
– Լսու՞մ ես, Հարուն, ուղիղ մեկ ամսից հետո կնիքները պետք է պատրաստ լինեն, քառասուն հատ:
– Լսում եմ, աղա, միամիտ կացեք: Հարունը մի աշխատություն երբ հանձն առեց, իր ժամանակին կկատարե:
– Մնացեք բարյավ, Եսթեր:
Այր և կին դուրս եկան հյուրին ճանապարհ դնելու: Երբ նրանք փոքր-ինչ հեռացան, Հարունը ասաց Եսթերին.
– Ես էգուց առավոտյան քո հոգին կառնեմ…
– Կանչե՞մ… կանչե՞մ աղային… – սպառնացավ