Առաքյալը. Մուրացան
Читать онлайн книгу.Եվ թեպետ այս պատճառով նա ընկերներից ստացել էր պեդանտ մականունը,այսուամենայնիվ, այդ բանից նա չէր վիրավորվում, որովհետև փորձով գիտեր, որ անկարգ ու անկանոն եղանակով ապրողները միշտ այդ անունով են մկրտում կարգապահ մարդկանց, որպեսզի դրանով իրենց թերությունը ծածկեն:
Այս իսկ պատճառով ուսանողներն ապշեցան, երբ Կամսարյանը հանդիսաբար հայտնեց թե որոշել է քննություններից հետո վերադառնալ հայրենիք և իրեն նվիրել յուր ազգակիցների ամենից ավելի օգնության կարոտ դասակարգին, այսինքն` մտնել գյուղը և այնտեղ հիմնել օգնության մեծ գործ, հատկացնելով այդ նպատակին`յուր հարուստ հորից իրեն հասանելիք ժառանգությունը:
Սկզբում ընկերները, կարծես, չհասկացան այդ հայտարարության միտքը և նայում էին իրար հարցական հայացքներով: Բայց երբ երիտասարդը կրկնեց յուր որոշումը ավելի մեկին և հաստատապես, ներքնահարկի դահլիճը թնդաց կեցցեների որոտընդոստ ձայներից և մի քանի ուժեղ ձեռքեր բարձրացրին Կամսարյանին դեպի առաստաղը և սկսան շրջեցնել դահլիճի շուրջը` շարունակ «կեցցե» գոռալով և «Հերիք, ընկերք» երգելով: Աղմուկը դադարելուց հետո Պետրոս Կամսարյանի հայտարարությունն ընդունվեց ուսանողների պաշտոնական գովեստով և իսկույն էլ մուծվեցավ արձանագրությանց տետրակը:
Բ
Ամառ է, քննությունները վերջացել են: Կամսարյանն ստացել է ավարտման վկայական: Այժմ նա իրավաբան է, կարող է ապրել քաղաքում և շրջապատել իրեն հարմարություններով, այսինքն կահավորել մի փառավոր տուն` համաձայն յուր նուրբ ճաշակի պահանջներին, ապա ընդարձակել ծանոթությունների շրջանը,այցելել բարձր դասակարգի անձանց, կապեր հաստատել, խնդրարկուներ ընդունել, դատեր պաշտպանել և յուր հասարակական գործունեությամբ` անուն ու հռչակ վաստակել:
Բայց մի՞թե այդ պիտի լինի երիտասարդ Կամսարյանի կյանքի նպատակը: Երբեք. նա ավելի արժանավոր, բարձր և սուրբ նպատակ ունի աչքի առաջ. նա այժմ իրենչէ պատկանում, հետևապես, և չէ կարող ծառայել յուր անձին: Նա պիտի նվիրվի յուր տկար ազգակիցներին, շինականին ու գյուղացուն, նրանց համար պիտի հոգա,նրանց համար պիտի մտածե՛:
Եվ այդ պիտի անե ո՛չ թե նրա համար, որ հանդիսաբար խոստացել է ընկեր ուսանողներին, ոչ, այլ որովհետև ինքն այդ կամենում է սրտանց, որովհետև ամենանգամ, երբ խոսք է եղել այդ ազգակիցների մասին, յուր սիրտը թունդ է առել և թռել դեպի նրանց, որովհետև ինքը միշտ մի առանձին սեր, մի թաքուն գորով է տածել դեպի այդ հեռավոր եղբայրները: Եվ թեպետ անձամբ չէ տեսել նրանց, բայց միշտ լսել ու կարդացել է թե` բարի մարդիկ են, ազնիվ և աշխատասեր, թե սեփական շահի համար ոչ ոքի չեն վնասում, այլ ապրում են իրենց ճակատի արդար քրտինքով: Բայց թե, որովհետև տգետ են և անուսում, ուստի մնում են անզոր` աշխարհի չարիքների առաջ, որով և մի կողմից բնությունն է նրանց զրկում, իսկ մյուս կողմից չար մարդիկն են կեղեքում, այդ պատճառով էլ նա վարում է դառն ու չարքաշկյանք և մնում կարոտ բարի մարդկանց օգնության: Բայց միևնույն ժամանակ նա լսել ու կարդացել է և այն, թե յուր այդ ազգակիցները կարող են ազատվել կյանքի դառնություններից և հասնել մի օր երջանիկ դրության, եթե խելոք գլուխները մտածեն նրանց մասին և կարող ձեռքերն աջակցեն նրանց աշխատության:
Եվ ահա՛ Կամսարյանն ունի թե՛ խելոք գլուխ և թե՛ կարող ձեռքեր. ինչո՞ւ, ուրեմն, չերթա