Չհաս է. Մուրացան
Читать онлайн книгу.Առաջիկա շաբաթ, զորքի մեծավորի տանը…
– Այո, գնդապետ Բոլատկովսկու մոտ, – ընդհատեց Մելքոն-աղան:
– …Աճուրդ պետք է լինի:
– Զորքի հացը, միսը և խմիչքը կապալով տալու համար, գիտեմ, շարունակեցեք:
Պ. Թովմասը լռեց: Մելքոն-աղայի այդ աստիճան գործին տեղյակ լինելը նրա վերա վատ ազդեցություն արավ: – «Այս մարդը, որ այս աստիճան է զբաղվում այս գործով և դեռ բերանս չբացած ամեն բան գիտե, հազիվ թե զիջանե իմ խնդրին. ավելի լավ է լռեմ և իմ պատվով հեռանամ այստեղից…», – զգուշաբար մտածեց Թովմասը և մի տարակուսական հայացք ձգեց Մելքոն-աղայի վերա:
– Հա: Ինչո՞ւ չեք շարունակում, – հարցրեց վերջինս: Թովմասը լուռ էր և դարձյալ նայում էր նրա վերա:
– Դուք ինձ զարմացնում եք ձեր լռությամբ, մի՞թե մի բան պատահեց ձեզ, խոսեցեք, ինչ եղան աճուրդը, կապալը, դուք դրանց մասին էիք ուզում խոսել:
– Ես այլևս չեմ ուզում դրանց մասին խոսել:
– Ինչո՞ւ:
– Որովհետև կարծում եմ, որ իմ խնդիրը դուք պիտի մերժեք:
– Զարմանում եմ, որտեղից կարող եք իմանալ, թե ես կմերժեմ ձեր խնդիրը, քանի որ նրա մասին ես դեռ մի խոսք էլ չեմ արտասանել: Ընդհակառակն, ինչ դժվար խնդիր էլ որ լինի ձեր խնդիրը, դարձյալ ես պիտի աշխատեմ նրան կատարելու, եթե միայն ուժերս կներեն:
Թովմասը մի փոքր սիրտ առավ և շարունակեց.
– Իմ խնդիրը, Մելքոն-աղա, կայանում է հետևյալում: Ինչպես ահա գիտեք առաջիկա շաբաթ աճուրդ պիտի լինի գնդապետի տանը: Մեր քաղաքում, որքան ինձ հայտնի է միայն չորս հոգի կան, որոնք կցանկանան այդ աճուրդին մասնակցելու: Բայց այդ չորս հոգիների մեջ միայն դուք եք զորեղը, և եթե ցանկացաք, անպատճառ դուք էլ կվերցնեք կապալը: Բայց որովհետև ես էլ եմ ցանկանում այս անգամ այդ աճուրդին մասնակցել և իմ բախտը մի անգամ կապալի մեջ էլ փորձել, ուստի եկա ձեզ խնդրելու, աղաչելու, որ եթե հնար է, այս անգամ դուք ձեռնպահ մնաք այդ կապալից, գուցե աստված հաջողում է և ինձ վերա է մնում նա: Մյուս երեք անձինքները ինձ համար երկյուղալի չեն. ես կարող եմ նրանց հեռացնել այդ գործից, բայց դուք կարող եք ինձ արգելք լինել, այդ պատճառով էլ եկել եմ ձեզ աղաչելու, որ այդ զիջումը անեք ինձ, եթե հնար է:
Մելքոն-աղան ընկավ մտածության մեջ: Թովմասը ակնապիշ նայում էր նրա վերա և սրտատրոփ սպասում նրա այն պատասխանին, որ միանգամով պիտի բախտավորեցներ և կամ դժբախտացներ իրեն:
– Որքան էլ որ ցանկանում եմ ձեր խնդիրը չմերժելու, – վերջապես խոսեց Մելքո-աղան, – այսուամենայնիվ հնար չեմ գտնում իմ ցանկությունը կատարելու: Դեռ մի քանի օր առաջ ես գնդապետի տանն էի (պետք է ասած, որ մենք նրա հետ շատ մտերիմ և բարեկամ ենք), ես նրան խոստացա, թե այդ կապալը անպատճառ ես կվերցնեմ, որքան էլ նրա պայմանները ձեռնտու չլինեն: Պ. գնդապետը միևնույնը խնդրեց ինձ, որովհետև մինչև այժմ իմ վերցրած կապալներով միշտ գոհ են մնացել ինձանից թե զորքը և թե նրա մեծավորները: Այժմ ես չգիտեմ, թե ի՞նչպես կարող եմ իմ խոստման հակառակը գործել: Դա ինձ համար մեծ անպատվություն կլինի:
– Այսուամենայնիվ դուք կարող եք այդ անել, եթե կամենաք:
– Գիտեք ինչ կա, պ. Թովմաս. – այդպիսի մի զիջողություն եթե ես անեմ ձեզ, ինձ վերա բոլորը կծիծաղեն, սկսած գնդապետից մինչև վերջին սպան, որովհետև այդ տեսակ մի զիջողություն ես իրավունք ունիմ անելու միայն իմ ազգականներից մինին: Ի՞նչ կասեն ինձ այդ մարդիկը: Եթե իմանան, որ ես իմ իրենց