Չհաս է. Մուրացան
Читать онлайн книгу.համաձայնությունը»:
Պ. Թովմասը, որին ըստ երևույթին շատ դուր եկավ յուր խնամու փոքրիկ, բայց ազդու ճառը, խորը կերպով գլուխ տվավ տիկին Անիչկային ի նշան ամենաանկեղծ շնորհակալության:
Իսկ Մելքոն-աղան, որ փորձված վաճառականի նման աշխատում էր պայմանագրի բոլոր կետերի համար բանավոր ստորագրություն առնել Թովմասից, մոտեցավ նրան և թուրքերեն լեզվով հարցրեց. – «Հավանո՞ւմ ես իմ աղջկան, թե ոչ. նա քո առաջ կանգնած է կարող ես լավ նայել, քննել և ապա քո ազատ կարծիքը հայտնել»:
– Քո աղջիկը հրաշալի է, իմ եղբոր որդին հազիվ թե արժանի է նրան, – պատասխանեց նույն լեզվով Թովմասը: Եվ այս խոստովանությունը բոլորովին անկեղծ էր:
Այդ ժամանակ Մելքոն-աղան ետ դարձրեց Թովմասին նրանից ստացած մատանին, որպեսզի սա ինքը յուր ձեռքով հագցնե այն յուր հարսնացուին: Թովմասը ուրախությամբ կատարեց և այդ վերջին պարտականությունը, հայտնելով միևնույն ժամանակ, որ այդ մատանին իսկապես նշանադրության ընծա համարելու չէ, այլ լոկ մի առհավատչյա իրենց մեջ տեղի ունեցած խնամական համաձայնության:
Օրիորդ Նատալիան բոլոր այդ խոսակցությանը ժամանակ նստած էր լուռ և համեստ, որովհետև այնպես էին պատվիրել նրան յուր ծնողները, իսկ նրա համաձայնությունը ստանալու համար խոսք ու զրույց չեղավ: Սա մի անհրաժեշտ նախազգուշություն էր, որով Մելքոն-աղան կամեցել էր ծածկել Թովմասից յուր դստեր արժանիքը, բայց իհարկե, դա միևնույն ժամանակ և ավելորդ նախազգուշություն էր, որովհետև այդ րոպեին Թովմասին հետաքրքրողը ոչ թե հարսնացուն էր, այլ յուր կապալի շահավոր գործը:
Նոր բարեկամները այդ երեկոյան պատվեցին Թովմասին փառավոր ընթրիքով, որի ժամանակ նա երախտագիտությամբ հիշեց լավ ընթրիքների սիրահար Միկիթ-բեկի անունը և ծածուկ յուր խնամիներից խմեց նրա թանկագին կենացը:
Վերջապես հոգվո ամենալավ տրամադրության տակ հեռացավ պ. Թովմասը Մելքոն-աղայի տնից և ուխտեց, ինչպես ազնիվ մարդ, կատարել յուր տված խոստումը, եթե միայն շահավոր կապալը կմնար յուր վերա:
Է
Մի փոքրիկ սենյակ, որ լուսավորվում էր երկու նեղ պատուհաններով: Մի հասարակ գրասեղան, որի զարդարանքը կազմում էին դատարանից բերված հին թանաքամանը, երկու մաշված գրիչներ, կես կապ թուղթ և մի աժանագին լամպար. – չորս պարզաշեն աթոռներ, որոնցից մինը արդեն կազմալույծ էր եղած, ուստի և դատապարտված սենյակի անկյունում անգործ մնալու, մի դեղնափայտե պահարան, որի մեջ անկարգ կերպով դարսված էին քանի մի օրինագրքեր, մի հին տարազի պատի ժամացույց, որը գնված էր մի ինչ որ աճուրդի ժամանակ, և վերջապես մի անբովանդակ պատկեր, որ առանց շրջանակի կպցրած էր պատի վերա. – սա Միկիթ-բեկի առանձնարանն էր:
Երեկոյան ժամը վեցն էր. մի այնպիսի ժամանակ, երբ առհասարակ գործից վերադարձող մարդիկ տանը չէին նստում, որովհետև քաղցր հովերի ժամանակ լինելով քաղաքի միակ զբոսարանը, որ մի վանդակապատ ծառաստան էր, դառնում էր զվարճալի: Օրվա ծանրությունը բարձող մարդիկ գունդագունդ դիմում էին այդտեղ թարմ օդ շնչելու և իրենց հոգնած հոգուն ու մարմնին հանգստություն տալու:
Բայց Միկիթ-բեկը ժամանակ չուներ այդ շռայլության համար: Նա յուր առանձնարանում նստած խորասուզվել էր օգտավետ մտածմունքների մեջ: Դուք, իհարկե, չեք գուշակում, որ նա մտքով