ՀԵՌԱՑՈՂ ԵԶԵՐՔ. Վեպ – ռեքվիեմ. ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ
Читать онлайн книгу.երեսին ո՛չ արդար դատաստան, ո՛չ արդարություն կլինի:
– Լեոնիդ, խնդրում եմ, ինձ մոտ այդպիսի բաներ մի ասա, – բողոքեց նախկինը՝ քիթը դարձյալ վեր քաշելով:
Երկու թե երեք տարի առաջ ճիշտ այդ նույն բառերն ասաց նա գրող Սուրեն Այվազյանին: Այվազյանը՝ ճերմակահեր, բարեդեմ, ազատախոս ու զրուցասեր՝ բորբոքված խոսում էր Բրեժնևի մասին. «Երկիրը սովի մատնված, խանութները դատարկ, կաշառք ու կողոպուտ, թալանն անսահման չափերի հասած, իսկ նա ամիսը մի անգամ նոր շքանշան է կախում դոշին: Էլ շքանշան կախելու տեղ չկա, մնում է մի երկու հատ էլ պորտից կախի»: Ներկաները ծիծաղեցին, իսկ նախկինը հուզվեց, կարմրեց ու էլի այս նույն բառերն ասաց. «Սուրեն, խնդրում եմ, ինձ մոտ այդպիսի բաներ մի ասա», որին Սուրեն Բախշիևիչը ծիծաղելով պատասխանեց. «Նախօրոք ապահովեցիր քեզ, որտեղ իմ ասածը հայտնեն, քո ասածն էլ են հաղորդելու»:
Հուրունցը բոլորովին այլ բան ասաց.
– Ցավալի է, Սամվել, – ասաց, – շատ է ցավալի, որովհետև կեղծ հեղինակությունների թիկունքում չես տեսնում, ավելի ճիշտ՝ չես ուզում տեսնել այն չարիքը, որ ամեն օր, ամեն ժամ ձնագնդի պես մեծանում է: Մեծանում է նրանց շողոքորթ աջակցությամբ, ովքեր պարտավոր են կռվել չարիքի դեմ: Իմացած եղիր, որ կևորկովները կանցնեն, ինչպես ժամանակին նրա նախորդներն անցան՝ Կարակոզով, Զամարաև, Ապուլով, Զիալով, Շահնազարով, Ջամգարով, Ասլանով, հայկական մարզում՝ ոչ մի հայկական ազգանուն: Հայկական ազգանունով միայն Եղիշե Գրիգորյանն էր, էն էլ՝ որովհետև կնիկը թուրք էր:
Նախկինը սառցային քամահարանքով նայում էր Հուրունցին. նա քիթն աջ ու ձախ տանելով՝ կրկին չոր վեր քաշեց:
– Ինչո՞ւ է այսպես, – շարունակեց Հուրունցը: – Մտածե՞լ ես մի անգամ, որ ուղիղ հարյուր ութսուն տարի առաջ Ղարաբաղն իր տասներեք գավառներով ու տասներկուսուկես հազար քառակուսի կիլոմետր տարածքով, ավելի քան հինգ հազար պատմաճարտարապետական հայատառ հուշարձաններով, իր հայ մելիքներով ու իր հայ պատմությամբ՝ սկսած Հերոդոտից ու Ստրաբոնից մինչև Դիոն Կասիոս, կամավոր մտավ Ռուսաստանի կազմի մեջ, նրա այդ տարածքից այսօր մոտ չորսուկես հազարն է մնացել, որը նույնպես այս ու այն կողմից բռնագրավվում է: Ո՞վ քսան թվականին ավերեց, հողին հավասարեցրեց Ղարաբաղի հիսունինը շեն գյուղերն ու ոչնչացրեց նրա քսանհինգ հազար հայ բնակչությունը, իսկ երեսունյոթ հազարը դարձավ գաղթական: Ո՞ւր են հայկական մշակութային կյանքի առաջատար ջոկատներից մեկի՝ Շուշի քաղաքի հինգ տպարանները, որտեղ նախանցյալ դարի սկզբից հայերեն գրքեր ու պարբերականներ էին հրատարակվում, ո՞ւր մնաց թեմական դպրոցը, հարյուր յոթանասուն տարի առաջ կառուցված Կուսանոց վանքը, Մկրտիչ Խանդամիրյանի երեք հարյուր հիսուն տեղանոց շքեղազարդ թատրոնը, ամառային և ձմեռային ակումբները, գործող վեց եկեղեցիները, հազարի հասնող արհեստանոցները, գորգագործական ֆաբրիկան, որը տարեկան յոթ հարյուր ընտիր գորգ էր արտահանում, ո՞վ երեք անգամ հրդեհի մատնեց գեղեցկուհի քաղաքն ու, ստոր անգլիացիների հետ դաշնակցած, խաբեությամբ կոտորեց նրա հայ բնակչությունը: Գոնե մտածե՞լ ես մի անգամ, – տեղից ելնելով ու գունատված շարունակեց Հուրունցը, – թե ինչո՞ւ Խորհրդային Ադրբեջանում ապրող ավելի քան կես միլիոն հայերի մեջ չկա մի կոմպոզիտոր, նկարիչ, գիտնական, հանրապետության մասշտաբի ղեկավար աշխատող, կենտկոմի քարտուղար ու բաժնի վարիչ, ոչ մի կարգին գրող… Այդ ինչպե՞ս պատահեց, որ ատելի հին կարգերի օրոք Բաքվում Հայոց ագգային խորհուրդ ու հայ գրողների