ՀԵՌԱՑՈՂ ԵԶԵՐՔ. Վեպ – ռեքվիեմ. ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ
Читать онлайн книгу.հետ իջանք առաջին հարկ, այնտեղից՝ փողոց, որը շողշողում էր նեոնային լույսերից:
Կանաչ լույսերը վառած, իրար ետևից ազատ կանգնած էին տաքսիները:
Քիչ հեռվում, ափամերձ զբոսայգուց այն կողմ, երևում էր ծովը՝ համատարած, անծայրածիր՝ փայլկտում էր նոր ելնող լուսնի ու աստղերի ցոլքերից: Բարձրախոսները հրավիրում էին զբոսանքի, պտտվում էին կարուսելները, մանկական ճիչ ու զնգուն ծիծաղ՝ քամին տանում, հեռացնում էր, կրկին ետ բերում, և այդ ձայները լսվում էին հստակ ու շատ մոտ:
– Հո չե՞ք մրսում, – հարցրի ես՝ փորձելով հանել պիջակս:
Ռենան օրորեց գլուխը, երախտագիտությամբ ժպտաց ինձ:
– Շնորհակալ եմ, ցուրտ չէ, – ասաց նա՝ հայացքը դեպի Նարգին կղզի ընթացող զբոսանավը, որից հնչող երաժշտությունը նույնպես քամու հետ մեկ հեռանում, մեկ կրկին վերադառնում էր:
Մեքենաների մոտ խմբված վարորդները հետաքրքրասիրությամբ դիտում էին Ռենային, դա ինձ դուր չեկավ և, նրա արմունկն առնելով ափիս մեջ, ես նրան տարա դեպի հերթի առջևում կանգնած մեքենան:
– Մենք ձեզ տաքսիով կտանենք մինչև տուն, – ասացի ես, նրան նստեցնելով մեքենայի ետնամասում, ինքս նստեցի առջևում, վարորդի մոտ:
– Ոչ, պետք չէ, – խնդրողական ասաց Ռենան՝ ձեռքը դիպցնելով ուսիս:– Մինչև տուն պետք չէ: Եղբայրս, սովորաբար, կանգառում դիմավիրում է ինձ: Մինչև մետրո:
Վարորդն արագ տեղավորվեց ղեկի մոտ: Ես նրան խնդրեցի քիչ սպասել. Արմենը շտապ իջնում էր աստիճաններով:
Բաքսովետի մետրոյի մոտ Ռենային ուղեկցեցինք մինչև նախասրահ, մի անգամ ևս պայմանավորվելով, որ Արմենը վաղը կզանգի Ռենային ու ինձ, և մենք միասին կգնանք «Գյուլիստան»: Ռենան մտավ մետրո, վերջին անգամ շարժասանդուղքի մոտ շրջվելով ու ձեռքով հրաժեշտ տալով մեզ:
Մոտեցանք փողոցին: Արմենը տաքսի կանգնեցրեց:
– Էդ գիժը տանը սպասելու է ինձ, – ծիծաղեց նա: – Հասցեն ու հեռախոսը տվեց: Ասում է, եթե ուշացար, ինձ կկախեմ:
– Գնա, – ծիծաղեցի ես: – Ուշացար՝ թոկից-բանից տար, կարող է չունենա:
Արմենը նորից ծիծաղեց, մոտեցավ մեքենային:
– Նստիր մինչև տուն տանեմ, – ետ շրջվելով, ասաց նա:
– Երկու քայլ է, ոտքով կգնամ, – պատասխանեցի: – Վաղը սպասում եմ:
Մեքենան պոկվեց տեղից, սակայն, մի հարյուր մետր չանցած, կանգ առավ՝ ետնամասի կարմիր լույսերը վառ և սկսեց ետ-ետ գալ:
– Լսիր, Լեո, – դուրս գալով մեքենայից ասաց Արմենը: – Կարո՞ղ է մոտդ փող լինի՝ տասնհինգ-քսան ռուբլի:
– Իհարկե, – ասացի ես:
Մեքենան կրկին պոկվեց տեղից, ես երկար նայում էի, մինչև այն կորավ փողոցի շրջադարձում:
4.
Անցնելով լայն պողոտան, ես քայլեցի դեպի տուն: Ես դանդաղ, անշտապ քայլում էի դեպի տուն և իմ սիրտն ինչ-որ անհայտ, շատ ցանկալի ու անորոշ բանից տրոփում էր: Ի՞նչ էր դա՝ ըմբռնել, հասկանալ չէի կարողանում, զգում էի, որ այդ անհայտ ու անորոշ բանից աշխարհն աչքիս հազար անգամ մեծ էր երևում, եղածը՝ հազարապատիկ շատ: Իմ կողքով զույգեր էին անցնում, ես, իմ մտքերի մեջ խորասույզ, նրանց չէի նայում, բայց մտածում էի, որ նրանք անպայման երջանիկ են, ես սրտանց ուզում էի, որպեսզի երջանիկ լինեն նրանք, որովհետև ինքս անչափ երջանիկ էի այդ պահին, և այդ երջանկությունն արբեցնում էր ինձ, ես ուզում էի ողջունել բոլորին, ես բոլորի բարին էի ցանկանում: Իրոք, թե ինչ էր կատարվում ինձ հետ՝ անհասկանալի