ԿՈՐՍՎԱԾ ԲԱՐԴԻՆԵՐ. Рассказ, эссе, две повести, роман, миниатюры. ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ
Читать онлайн книгу.աղբյուրների ջուրը վճիտ, ականակիտ, ո՜նց մոռանանք, լորի կանչը՝ ծաղկափթիթ մեր հանդերում, ասա դու մեզ, ո՜նց մոռանանք, էդ կարոտին ո՜նց դիմանանք։
Երնեկ կրկին մենք տուն դառնանք հեռուներից ու էլ չապրենք օտար հողում մենք անտեղի, մեր հավքերի քաղցրալեզու երգը լսենք մեր ձորերում, վերադառնանք նորից մեր տուն, վերադառնանք, մեր տուն դառնանք ու վերստին տեր կանգնենք մենք մեր ծնողաց գերեզմանին, մեր տուն-տեղին…
=====================
ՄԱՅՐԱՄՈՒՏ
Մութը անցավ, լույսը բացվեց, արևն ահա դուրս է եկել, ցո՜լք է տալիս, շափաղում։ Լեռներից վեր, ոսկեվորված արևից բորբ՝ ճերմակ մի ամպ լող է տալիս լուրթ երկնքում՝ դանդաղասա՜հ ու հուշիկ։
Օրը բացվեց լուսապայծա՜ռ, գնաց դեպի մայրամուտ, ճերմակաթև ամպը մեկեն գունափոխվեց, սևացավ։ Մարդու բախտը հանց ճերմակ ամպ, կյանքը նրա՝ օրվա ճամփա՝ լուսաբացին արևացող, իրիկնադեմ մեկ էլ տեսար սևացավ։
Ո՜վ արարիչ, դու արարիչ ամեն ինչի, ինչո՞ւ, ինչո՞ւ, ինչո՞ւ, ասա, մեզ տվեցիր այսքան կարճ կյանք, որ հանապազ մնանք կարոտ ամեն ինչի… Ինչո՞ւ, ինչո՞ւ տվածը քո, որպես պարգև շռայլորեն՝ լուսաթրթիռ ջահելություն, գեղեցկություն լուսափթիթ, աչքերի լույս, հավատ ու հույս, սեր ու խնդում, հետզհետե ետ ես առնում անգթորեն՝ մեզ թողնելով դավն ընկերոջ, որին սատար էինք կանգնել դժվար օրին, չար նախանձից բարեկամի՝ լուռ այրվելիս, ցա՜վը սիրո արփիաշող, որ ուրացած երդումներն իր սին ու պատիր, գնաց նվաստ թշնամու հետ։
Օրը անցավ, մայրամուտի արևը մեր՝ հորիզոնի ցոլքերի մեջ հըրդեհվելով ոսկեձույլ ու հարահավերժ անրջանքով, դանդաղորեն անց է կենում լեռան ետև. մնացողաց՝ մնա՜ք բարով, գնացողաց՝ լույս ու արև…
======================
ՄԻԱՅՆ ԹԵ ԴՈՒ ՄԻ ՎՀԱՏՎԻՐ
Իմ հուշերում՝ մշուշներից ձյուն է տեղում, նոճիների ծովափնյա զբոսայգու մութ ծառուղում փաթի՜լ- փաթի՜լ ձյուն է տեղում, աստղաթև ու մեղմօրոր ձյուն է մաղում գեղատեսիլ իմ գեղուհու սաթ մազերին, թարթիչներին, վարդայտերին, կիսաթափանց մեղմ թարմությամբ՝ բոսորահուր շուրթիկներին…
Նեոնային լույսերի մեջ՝ թեթև – թեթև ձյուն է մաղում, ձյան լայնշի փաթիլները՝ հարյուր հազար, միլիոնավոր ճերմակաթև թիթեռնիկներ, օդում ճախրում, գալարվում են, ալարելով՝ իջնում են ցած դանդաղորեն։
Իմ սևաչյա գեղեցկուհին՝ հուզաթաթավ ու դեռատի մատղաշ բարդի, իմ գրկի մեջ՝ հեշտանքավառ ու խաղացկուն, գլուխը իր թեթևակի ետ է գցել ու քըմահաճ, հանց աղջնակ, հըրճըվալից ծիծաղում է՝ լեզվի ծայրով ժիր որսալով ձյան ճերմակ փաթիլներն այդ… Նրա տեսքից՝ լուսաճաճանչ ու լուսագեղ, ոսկեհնչյուն ստապատիր իր խոսքերից՝ խայտանքի ու լացի միջից. «Ես դա կանեմ, կանեմ ես դա, դու կտեսնես, ես կգնամ ու էլ չեմ գա, թե որ այդպես դու ուզենաս», սիրտն իմ խայտում, խլրտում է, հոգիս ցնծում, թփրտում է, ու ես անկամ, ինքնամոռաց մրմնջում եմ. «Ցա՜վդ տանեմ, ցա՜վդ տանեմ, ցա՜վդ տանեմ»:
…Հետո եղավ, այնպես եղավ, երկինքը լուրթ պատեց սևով, մարդը կրկին դառավ գազան ու ամեն տեղ ու ամենուր՝ ավար, ավեր, փողոցներում ու տներում՝ մորթված հայեր, խոշտանգված ու սվինահար անմեղ հայեր, աշխարհի կույր աչքի դիմաց՝ խարույկներում վառվող հայեր, մարդը, իրավ, դառավ գազան ու սովահար այդ գազանից մենք հալածված ինչպես մի հոտ՝ թողած տուն-տեղ, ունեցվածք ու գերեզմաններ, սոսկ հրաշքով փրկված ահեղ այդ գեհենից՝ գլխակորույս ու վշտաբեկ, ցրվեցինք մենք աշխարհով մեկ՝ հարահավերժ