Պատմվածքներ,քառյակներ, բանաստեղծություններ եւ խոհեր. Վահան Թոթովենց
Читать онлайн книгу.կուտեր ու կըսեր՝ Խաչխաթուն, մատներդ հետը ուտիմ։
Եկեղեցուց մի հասարակաց դագաղ տվին Մոսես ախպոր համար։
Տերտերը և տիրացուն թաղման արարողությանը լպրտեցին, ինչպես քաղցած շունը լպրտում է գաղջ ապուրը։ Խաչխաթուն քորոն հազիվ մի քանի կաթիլ արցունք էր թափել՝ թաղումը վերջացավ։ Դեռևս բոլոր հողը չէին լցրել փոսը՝ երբ տերտերն ասաց.
– Օրհնա՛ծ, մեր վարձքը տուր, երթանք։
Խաչխաթուն քորոն ծոցից հանեց երեք հատ լրագրի կտոր, մեկը տվեց տերտերին, մեկը տիրացուին և երրորդն էլ ժամկոչին։ Տերտերը թուղթը նետեց իր փարաջայի լայն և անհատակ գրպանը, բայց տիրացուն գլխի ընկավ։
– Էս ի՞նչ տվիր, – հարցրեց նա լրագրի կտորի վրա նայելով ապշանքով և քմծիծաղով։
– Փարա տվի։
– Էս փարա՞ է։
– Քա՛ , փարա՛ է, Մոսես ախպորը փարան է, – ասաց Խաչխաթուն քորոն։
Տերտերը կարծելով, որ իրեն տվածը իսկական փող է, իսկ տիրացուինը լրագրի կտոր՝ կշտամբեց նրան.
– Մեռելի կշտին ատանկ խոսքեր չեն ըսեր, ծո՛, հա՜յդե։
Տիրացուն, ինչպես և ժամկոչը գլխահակ դուրս եկան գերեզմանոցից։
Երբ Խաչխաթուն քորոն տուն եկավ, մի մեծ շիվան փրցրեց.
– Մոսես ախպա՜րս, Մոսես ախպա՜րս… – ճչում էր նա և զարնում ծնկներին։
Հարևանները, մխիթարելու համար, ասացին.
– Աստված իրեն հավնածը կտանե․․․
– Ամա՜ն, Մոսես ախպարին ինչի՞ն հավնեց, որ տարավ, վա՜յ, վա՜յ, վա՜յ։
Հաջորդ առավոտը Խաչխաթուն քորոն, Մոսես ախպոր փողերը ծոցը, գնաց շուկա։ Առաջին անգամ կանգնեց փռի առջև, վերցրեց հացը, վճարեց և մի քայլ հազիվ էր փոխել, հացագործը ետևից կանչեց.
– Քո՛րս, էս ի՞նչ է, փարա՛ տուր։
– Քա՛, փարա չէ՞։
– Ի՜նչ փարա, դուն սարսաղ ես, կը կարծես մե՞նք ըլ սարսաղ ենք։
Խաչխաթուն քորոն ուզեց վիճել, բայց հացագործը խլեց տված հացը և վռնդեց նրան։
Խաչխաթուն քորոն կանգնեց մսագործի առաջ, տնտղեց մսերը և մի օխա միս վերցրեց։
Փողի վերաբերմամբ նույնը պատահեց և մսագործի հետ։
– Չէ՛, քորս, չէ՛, էդ փարա չէ, փարա՛ բեր։
– Մոսես ախպարը…
– Մոսես ախպարն ուրիշ էր, քորս, ան գնաց…
Օրը բոլոր Խաչխաթուն քորոն փորձեց մի բան գնել՝ չհաջողեց, բոլորն էլ վռնդեցին։
Երեկոյան քաղցած, հոգնած, հուսահատ ու մռայլ, խրճիթ վերադարձավ և թերևս նոր զգաց, թե ինչ էր կորցրել։
– Վա՜յ Մոսես ախպարս, – արցունք թափելով ողբում էր նա, – դուն ուրիշ էիր, անտեր մնացի, ընծի ըլ ետևեդ տար, Մոսես ախպարս, ոտքերուդ ղուրբան ըլլիմ։
Կես գիշերին, քաղաքի ծայրին կուչ եկած խրճիթում՝ Խաչխաթուն քորոն, կրկին այրիացած, հեկեկում էր և ողբում՝ հոտոտելով Մոսես ախպոր վերջին անգամ հագած շապիկը։
1934 թ.
Հաճի Մարկոս աղա
Ա1895֊ի կոտորածեն առաջ արդեն Մարտիկյան տունը իր հարստութենեն խոշոր մաս մը կորսունցուցած էր տան մեծ տղա՝ Հաճի Մարկոս աղայի համառության պատճառով, որովհետև պետք եղած կամ չեղած տեղը ուրիշներու համար քեֆիլ եղած էր, իսկ մնացած մյուս մասն ալ կոտորածը եկավ լափել և Մարտիկյան տունը բոլորովին աղքատացնել։Խարբերդցիի համար նախկին մեծատան շքեղության անկումեն առաջացած պատիվը փրկելու միակ միջոցը Ամերիկան է։Եվ օր մըն ալ, կոտորածեն երկու ամիս հետո, Հաճի Մարկոս աղա իր քով կանչեց իր մեծ տղան։ Մեսրոպը,