Սալբի. Րաֆֆի
Читать онлайн книгу.Թեպետ մենք շատ աղաչեցինք, որ կանգնե, որ համբուրենք նրա ոտները, նա ուշադրություն չդարձրեց, գնաց – հեռացավ մեզանից: Այնուհետև ես իմ խնձորի կարմիր մակերևույթի վրա նայեցի ուրախությամբ, և չկարողացա զսպել իմ զարմանքը՝ տեսնելով նրա կեղևի վերա ոսկե տառերով գրված «Սալբի» անունը: Դուք ևս, ո՛չ սակավ զարմանալով, ցույց տվիք ձեր ձեռքի խնձորի վրա մի երկրորդ անուն, նույնպես ոսկե տառերով գրված «Հովհաննես»: Մինչ մենք սքանչացած աշխատում էինք բացատրել այդ խորհրդական անունների գաղտնիքը, և թե ո՞վ էր այն երկնավոր ալևորը` հանկարծ զարթեցի և զգացի – երազ էր:
Երբ վարպետ Պետրոսը ավարտել էր յուր երազի պատմությունը, զարդարած արևելյան գեղեցկախոսության պաճուճանքով, մահտեսի Ավետիսի կնճռոտ երեսը պարզվեց. նա փաթաթվեց վարպետ Պետրոսի վզով, գրկախառնվեց նրա հետ, ասելով.
– Ախ, իմ սիրելի բարեկամ, միթե չդիտեք թե ո՛վ է եղել այն երկնային ալևորը – սուրբ Կարապետը, իմ բարեկամ, փառք տվեք աստծուն, մեր ուխտը ընդունելի է եղել երկնքում…: Տերը սուրբ Կարապետի բարեխոսությամբ կկատարե մեր փափագները…: Ապա ի՞նչ են նշանակում այն երկու անունները – երկու խընձորների վրա:
Վարպետ Պետրոսը տեսավ, որ յուր բարեկամի ասածնեը հեռու չէին ճշմարտությունից, և իրոք նրա սրտում տպավորվեց այն միտքը, թե յուր երազը մի այլ խորհուրդ չուներ, քան թե յուր լսածները մահտեսի Ավետիսից:
– Ճիշտ է ձեր խոսքը, Մահտեսի, – կրկնեց վարպետ Պետրոսը. – ճշմարիտ, դուք մի կատարյալ երազահան եք: Եղբայր, ես մտաբերում եմ երեխայությանս ժամանակ լսած հեքիաթները իմ պառավ տատիցս, որպիսին են Թըհարի և Զոհրայի, շահ-Սմայելի և այլ սիրավեպերը: Նրանց ծնողները, որ անժառանգ եղբայրներ են եղել, երազում տեսնում են մի դերվիշ, որ նրանց տվել է խնձոր և դրանով նրանք ծնել են զավակներ` առաջուց ուխտելով ամուսնացնել միմյանց հետ ծնվածները, եթե նրանք երկսեռ լինեին,
– Ա՛խ, եղբայր, այդ ուխտը մենք ևս անենք, – նրա խոսքը կտրեց մահտեսի Ավետիսը:
– Շատ բարի, շատ լավ, – ուրախանալով պատասխանեց վարպետ Պետրոսը մեր հավատարիմ բարեկամությունը թող լինի խնամություն:
– Խնձորների վրա գրված «Հովհաննես», «Սալբի» անունները նույնպես ցույց են տալիս, թե ծնվածները տղա և աղջիկ են լինելու…:
– Անտարակույս…անտարակույս…
Աստուծո լույսը բացվեց:
Վանքի զանգակների խուլ և ձգական ձայնը լսելի եղավ թփապատ բլուրների մեջ: Ժամհարները սկսեցին հրավիրական կոչ կարդալ ուխտավորների իջևանների առջև, որ աղոթքի գան:
Երկու բարեկամները լի բախտավոր հույսերով գնացին վանք: Միաբաններից մի սրբակրոն վարդապետի (որ այն օր պատարագիչ էր տիրոջ սեղանի վրա) առաջարկեցին առատ «հիշոց» – մի քանի աշրաֆի8, որ նրանց ուխտադրության հաստատության համար աղոթեր պատարագի միջոցին: Այն օր նրանք մատաղ մորթեցին, բաժանեցին աղքատներին և հրավիրեցին պատարագիչ վարդապետին ճաշելու իրանց վրանում: Վարդապետը ճաշից հետո օրհնելով մի կտոր հաց տվեց մահտեսի Ավետիսի և վարպետ Պետրոսի ձեռքը, նրանք կտրեցին հացը, կերան, գոհացան՝ կրկին ուխտելով իրանց խնամության մասին:
Արդարև՝ տուն դառնալուց հետո՝ մի որոշյալ ժամանակից հետո վարպետ Պետրոսին ծնվում է մի աղջիկ, որի անունը դնում են Սալբի, իսկ մահտեսի Ավետիսին ծնվում է մի արու զավակ,