Կայծեր Մաս 2. Րաֆֆի
Читать онлайн книгу.պահանջում էր այն էլեքսիրը, որով արևելյան դերվիշները հրապուրում են իրանց երկրի պետերին: Բայց Ասլանը քաղաքավարությամբ նրա պահանջը զանցառության տվեց, հարցնելով.
– Ինձ ասացին, որ ձեր որդին առողջ չէ, խնդրեմ հրամայեցեք, որ ինձ տանեն հիվանդի մոտը:
– Ոչ, դուք նեղություն մի կրեք. նա այնքան տկար չէ, որ ինքը չկարողանա գալ, – ասաց փաշան, երևի չկամենալով, որ բժիշկը կանանոցը մտներ, ուր այդ ժամանակ գտնվում էր հիվանդը:
Քանի րոպեից հետո մի ներքինի, ձեռքիցը բռնած, ներս բերեց մի տասն տարեկան բավական տկար, բայց շատ սիրուն տղա, որը ոտքից ցգլուխ հագած ուներ մուգ-վարդագույն օսմանյան զգեստ, գեղեցիկ նկարներով նախշած և ոսկի թելերով ասեղնագործած: Երեխան պարբերական ջերմ ու տենդ ուներ: Ասլանը քննեց նրան, մի քանի առողջապահական պատվերներ տվեց և խոստացավ դեղեր ուղարկել:
Այդ ամբողջ խոսակցության ժամանակ, որ տևեց բավական երկար, Ասլանը երևաց ինձ իր աշխարհագիտական խորին տաղանդով: Նա փաշային ավելի խոսել էր տալիս, քան թե ինքը խոսում էր: Իր վարվողության մեջ մինչև այն աստիճան հրապուրիչ էր, որ ինձ թվում էր, թե փաշան բոլորովին սիրահարվեցավ նրա վրա: Եվ իրավ, նա հայտնեց, թե իրան շատ բախտավոր կհամարեր, եթե բժշկապետին միշտ իր մոտ տեսներ, թե իր տան մեջ նա ամեն հարմարություններ կգտներ, եթե բարեհաճեր, քանի որ այդ քաղաքումն էր, իր մոտ բնակվել: Ասլանը շնորհակալությամբ հրաժարվեցավ, հայտնելով, թե դժբախտաբար չէ կարող վայելել նորին վսեմության շնորհը, որ իր համար միշտ անմոռանալի կմնա, ըստ որում, մի քանի օր միայն դիտավորություն ունի մնալ այդ քաղաքում և խոստացավ՝ մինչև իր դուրս գալը քաղաքից, միշտ այցելել փաշայի մոտ, և թե նրա որդուն, թե իր տկարություններին դարման անել:
– Ինչո՞ւ եք այդքան շտապում, պարոն բժշկապետ, – հարցրեց փաշան:
– Ինձ հարկավոր է մի երկու ամսից հետո անպատճառ Հնդկաստանում լինել: Ժամանակ կորցնել չեմ կարող: Ես այս քաղաքով անցա միայն այն նպատակով, որ տեսնեմ մի քանի հնություններ: Այստեղից ուղղակի Մուսուլ գնալու դիտավորություն ունեմ. ինձ այնտեղ հետաքրքրրում են հին Նինվեի ավերակները: Այնտեղից Բաղդադ պետք է անցնեմ, Բաբելոնը տեսնելու համար: Հետո նավով կուղևորվեմ դեպի Հնդկաստան:
– Մեր քաղաքում բավական հնություններ կան, որոնք դեռ հետազոտված չեն, – ասաց փաշան: – Շատ լավ եք մտածել, որ ձեր ճանապարհորդության մեջ մեր քաղաքը զանցառության չեք տվել:
– Ինձ ավելի հետաքրքրում են սեպաձև արձանագրությունները, որոնցով, կարծեմ, շատ հարուստ է Վանը:
– Այո՛, այո՛, հարուստ է: Ես կտամ ձեզ մի առաջնորդ, որը ձեզ ամեն տեղ ման կածե և ամեն ինչ ցույց կտա, կտանե և միջնաբերդը, որտեղ շատ կգտնեք հիշյալ արձանագրություններից:
Ասլանը իր խոսակցությունը բևեռաձև արձանագրությունների վրա դարձնելու նպատակն էլ հենց այդ էր, որ միջնաբերդը տեսնե: Այդ պատճառով, երբ որ լսեց փաշայի վերջին խոստմունքը, մեծ շնորհակալություն հայտնեց և վերկացավ: Փաշան նույնպես վերկացավ, նրան ճանապարհ դրեց մինչև սենյակի դուռը և բաժանվելու միջոցին հարյուրավոր շողոքորթությոլններով հեղեղեց իր «թանկագին» հյուրին…
Նույն կերպով, նույն հանդեսով, որպես ղավազները մեզ բերել էին փաշայի ապարանքը, դարձյալ նույն պատվով մեզ տարան Այգեստան, մինչև վարպետ Փանոսի տունը: Ասլանը դրեց ղավազների յուրաքանչյուրի ափի մեջ մի-մի ոսկի, և նրանք շնորհակալությամբ