Կայծեր Մաս 2. Րաֆֆի
Читать онлайн книгу.մեջ և նրանով խաչաձև օծեց երեխայի կոկորդը: Պառավ դայակը, որ կանգնած էր այնտեղ և երկյուղածությամբ նայում էր այդ գործողության վրա, ընդունեց փոխ-վարպետի ձեռքից երեխային, նրա բժշկությանը վարձատրելով մի կապտագույն աքաղաղով, որ բերել էր յուր հետ:
– Այդ երեխան կապույտ հազ ունի, – ասաց վարպետ Փանոսի մայրը, որ կանգնած էր իմ մոտ, և խորհուրդ տվեց, որ նույն գործողությունը և իմ կոկորդի վրա կատարել տամ:
Շատ չանցավ, սովորական ժպիտը երեսին, ներս մտավ վարպետ Փանոսը: Նրա հայտնվիլը այն ազդեցությունը չգործեց, ինչպես առհասարակ լինում է վարպետի ներկայության ժամանակ. անգործը գործի է դիմում, աղաղակները լռում են, կրկին տիրում է կարգը, ոչ, այլ կարգը պահպանված էր և նրա բացակայության ժամանակ: Նրա մեջ չէր երևում ոչ հպարտ գործարանատիրոջ խստությունը և ոչ արևելյան վարպետի կոպիտ տիրասիրությունը, այլ մի պարզ, մտերմական կապ միացնում էր ստորադրյալներին իրանց գլխավորի հետ: Նա գործունյա մարդու հատուկ աչալրջությամբ մոտեցավ կարասներին, նայեց նոր ներկած կտավներին ու շալերին, մի քանի բաներ հարցրեց, մի քանի պատվերներ տվեց և հեռացավ: Նրա մի հայացքը բավական էր գիտենալու համար, թե որտեղ ի՛նչ էր պակաս, և որտեղ ի՛նչ պետք էր անել: Հետո նա դարձավ դեպի հաճախորդները. մոտենում էր ամեն մեկին, բարևում էր, հարցնում էր նրանց առողջությունը, հետաքրքրվում էր նրանց դրությամբ, թե ի՞նչպես է հացի բերքը, առո՞ղջ են նրանց անասունները, առո՞ղջեն նրանց հայրը, մայրը, կանայք, զավակները և այլն: Բոլորի անունները գիտեր, բոլորի մասին հարցմունքներ էր անում:
Ինչ որ ավելի աչքի էր զարկում, այդ էր՝ հաճախորդների չափազանց ընտանիությունը թե՛ վարպետ Փանոսի և թե՛ նրա տան հետ: Մի քուրդ մոտեցավ նրա մորը խնդրեց, որ իր անթարիի պատռված թևքը կարել տա: Մի այլ քուրդ մի զույգ կենդանի կաքավներ էր բերել վարպետի փոքրիկ երեխաների համար: Ես զարմանում էի, ի՞նչ էր պատճառը, այդ մարդը, որ գիշերը Ասլանի հետ այնքան դառնությամբ էր խոսում քուրդերի մասին, այժմ այդպես բարեկամաբար ողջագուրում էր նրանց: Մի՞թե դա մի տեսակ կեղծավորություն էր նրա կողմից, մի՞թե շահեկան նպատակները ստիպում էին նրան շողոքորթել իր հաճախորդներին: Ոչ, վարպետ Փանոսը ոչ կեղծավոր և ոչ շահասեր մարդ էր: Նա առհասարակ սիրում էր բարեկամական հարաբերություններ պահպանել ամեն տեսակ մարդկանց հետ, մանավանդ գյուղացիների հետ:
Վարպետ Փանոսի տունը մի տեսակ հյուրանոց էր այդ ամեն կողմից եկած, խառնիճաղանջ բազմության համար: Ես նրա գործարանը համեմատում էի իմ քեռին երի զինագործության գործարանի հետ: Բայց այնտեղ բոլորովին ուրիշ բան էր. այնտեղ գլխավորապես դեր էր խաղում շահը: Հաճախորդներից ոմանք, որոնք հեռու տեղերից էին եկած, իրանց գրաստները կապել էին վարպետի ախոռատանը. այնտեղ նրանց համար թե՛ սնունդ և թե՛ խնամք պակաս չէր: Գրաստների տերերը իրանք ևս գիշերում էին ախոռատանը կից առանձին բնակարանում և վարպետի խոհարանից կերակուր էին ստանում: Ոմանք իրանց գյուղերից բերած մթերքները տեղավորել էին նրա տանը. այստեղից տանում էին բազարը, վաճառում էին և փոխարենը ինչ-որ գնելիք ունեին, առնում էին ու բերում, նույնպես դնում էին նրա տանը: Կարծես այստեղ մի տեսակ մթերանոց լիներ նրանց համար: Նրանք այնքան ժամանակ հյուրասիրություն էին վայելում, մինչև գործները վերջացնում էին, հետո շնորհակալությամբ գնում էին իրանց տեղերը:
Երբ