Կայծեր Մաս 2. Րաֆֆի
Читать онлайн книгу.նրանք այլ լեզու բանեցնել, սկսեցին խեղճ ձևանալ, որ պարոն բժշկապետի կարեկցությունը դարձնեն իրանց վրա, ասելով. աղքատ ենք, ընտանիքի տեր ենք, «անօրենի» ձեռքում գերի ենք, մեր հույսը դրել ենք այդ իրեղենների վրա, այդ պատճառով ստիպված ենք այդպես էժան, շա՛տ էժան վաճառել: Նրանք մինչև անգամ ակնարկեցին, եթե գնող լիներ, ավելի մեծ ուրախությամբ պատրաստ կլինեին իրանց զավակները վաճառել և չզրկվել այնպիսի հազվագյուտ իրեղեններից, որոնց համար, եթե լավ «մուշտարի» պատահի, կարող են ահագին գումարներ ստանալ, միայն կարիքը և չքավորությունը ստիպում է նրանց վաճառել:
Ասլանը, այդ բոշաներից ազատվելու համար, ընտրեց մի քանի իրեղեններ և ձգեց նրանց մի քանի ոսկիներ, ասելով թե մյուսները իրան հարկավոր չեն: Նրանք վեր կացան և դարձյալ կարգով շարվեցան դռան մոտ և, երկար շնորհակալություններ և օրհնություններ թափելուց հետո փորձում էին հեռանալ, բայց մտածեցին և դարձյալ մեխված մնացին իրանց տեղում, ընդունելով մի այնպիսի կիսածիծաղ դեմք, որ ավելի լացի նախերգանքին էր նմանում:
– Այլևս ի՞նչ ունեք ասելու, – հարցրեց Ասլանը:
– Ձեր ողջությունը… ի՜նչ պիտի ունենանք ասելու, – պատասխանեցին և դարձյալ կանգնած մնացին իրանց տեղում:
Ես մի կերպով հասկացրի, թե չէ կարելի այդքան ձանձրացնել պարոն բժշկապետին: Մահտեսի Թորոսը փոխանակ հեռանալու, ձեռքը գողտուկ կերպով մեկնեց դեպի ինձ և դարձյալ ցուցամատի ու բթամատի պտղուցները սկսեց քսքսել միմյանց հետ: Վերջապես նրանցից մեկը հայտնեց, թե տանը ուրիշ շատ և ավելի լավ բաներ ունեն, կցանկանա՞ր պարոն բժշկապետը, որ բերեին, ցույց տային:
– Դուք հավատացնում էիք, որ ուրիշ բաներ չունեք, – նկատեց Ասլանը ծիծաղելով:
– է՜հ հարգելի բժշկապետ, – պատասխանեց մահտեսի Թորոսը գլուխը շարժելով և տակից աղվեսի նման նայելով Ասլանի երեսին, – գիտե՞ք ինչ է ասում թուրքի առածը:
– Չգիտեմ:
– «Գայլի բույնից ոսկորը պակաս չի լինի»…
– Այդ ես հասկանում եմ…
– Կհրամայե՞ք, պարոն բժշկապետ, որ բերենք:
– Բերեցեք:
Նրանք խորին կերպով գլուխ տվեցին և միմյանց բոթբոթելով դուրս եկան սենյակից: Ես գնացի նրանց ճանապարհ դնելու: Դրսում մահտեսի Թորոսը դրեց իմ ափի մեջ մի հատ հինգ ղուրուշանոց: Ես ահագին պղնձե դրամը խփեցի ուղիղ նրա ճակատին:
– Օրհնա՜ծ, այդպիսի հանաքներ խո չեն անում, – ժպտելով ասաց մահտեսի Թորոսը և, կռանալով, վեր առեց հինգ ղուրուշանոցը, դրեց իր գրպանում, ավելացնելով, – շատ չա՜րն ես եղել…
Այդ մարդիկը ամեն մի վիրավորանք կատակի տեղ են ընդունում, որովհետև վիրավորանքին վիրավորանքով պատասխանելու ոչ քաջություն և ոչ անձնասիրություն ունեն: Բակում հեռվից տեսավ նրանց վարպետ Փանոսի մայրը և ձայն տվեց.
– Համեցե՛ք, մահտեսի Թորոս, համեցե՛ք, խոջա Մկո, համեցեք խոջա Հակո, ո՞ւր եք այդպես գնում, առանց մի բան ուտելու, առանց մի բան խմելու:
Մահտեսի Թորոսը, խոջա Մկոն, խոջա Հակոն նախ շնորհակալությամբ մերժեցին պառավի հրավերքը, հայտնելով, որ շտապում են, բազարի ժամանակ է, շուկայում շատ գործեր ունեն, հետո, պառավի սիրտը չկոտրելու համար, ընդունեցին նրա հրավերքը և մտան նրա հետ գինիների մառանը:
Ես զարմացա. ովքե՞ր էին այդ մարդիկը, որ տանտիկինը այնպես հարգանքով էր վերաբերվում նրանց: Երբ հարցրի սպասավորից, որ ձեռքում նախաճաշիկ էր տանում մառանը, նա պատասխանեց.
– Չե՞ք