Ոսկե աքաղաղ. Րաֆֆի
Читать онлайн книгу.մեջ ներդաշնակություն չէ սիրում: Այսպես էլ պատահել էր անբախտ Մարիամի հետ: Որքան նրա ամուսին այրը ժանտ, դաժան և անտանելի էր, ինքն այնքան հեզ, բարի և համակրական էր: Գայանեն մոր սիրտն ուներ, իսկ Հռիփսիմեն փոքր ինչ նման էր հորը: Բայց Ստեփանը ոչ մեկին նման չէր:
Ահա այդ ընտանիքի մեջ ընկավ Կալոն, այն գյուղական ուրախ և անհոգ թռչնիկը, այդ ընտանիքի հետ կապվեցավ նրա ապագան, որ մեր վեպի գլխավոր նյութը պետք է լինի:
Մինչև Կալոյի հայտնվիլը, Մասիսյանի ընտանիքը երբեք ոչ մի ծառա կամ սպասավոր չէր ունեցել, մանավանդ այն խայտառակ անցքից հետո, որ նրա աղջիկներից մեկը փախավ գործակատարի հետ: Մասիսյանը միշտ հեռու էր պահում իր տունը օտար տզամարդերից: Ամեն ինչ, որ պետք էր տնտեսության համար, ինքն էր գնում բազարից. շատ անգամ կարելի էր տեսնել նրան, որ իր քթի աղլուխի մեջ միս, կանաչի, միրգ կամ մի ուրիշ բան դրած, տուն էր բերում: Եվ եթե պատահում էր խանութի աշակերտներից մեկի ձեռով ուղարկել, նա պետք է դռնից տար բերած բանը և ետ դառնար. ներս մտնելու իրավունք չուներ: Մասիսյանը խստությամբ էր պահպանում այն պայմանները, ինչ որ վերաբերում էր ընտանիքի անմատչելիությանը կամ կանանց սեռի հեռու պահելուն օտար տղամարդի հասարակությունից:
Բայց «խանա-բիչայները», այսինքն՝ տնային փոքրիկ տղա¬սպասավորները, ընդունված են մինչև անգամ պարսկական հարեմների մեջ: Մինչև 12-15 տարեկան հասակը այդ անմեղ արարածները ընդունվում են կանանոցների մեջ: Կալոյի տարիները բոլորովին համապատասխանում էին այդ վիճակին:
Առաջին օրը, – մեծ պասի ավագ ուրբաթ երեկոյան, – երբ նրան տուն բերեցին, ռամիկ գյուղացու օտարոտի կերպարանքը բարձրացրեց ընդհանուր ծիծաղ:
– Դա՞ է նոր բռնած ծառան, – հարցրեց տիկին Մարիամը հեգնական կերպով իր ամուսնից, ոտքից ցգլուխ չափելով Կալոյին, որ նույն ժամում զարմացած նայում էր իր շուրջը:
– Ի՞նչպես է, չե՞ս հավանում, – պատասխանեց նրա ամուսին այրը մի առանձին բավականությամբ. – տեսնո՞ւմ ես, օխտը մարդու բան կբանի, ղոչաղ տղա է. դու մեկ նրա ձեռք ու ոտքին մտիկ տուր, կասես նոր խամից դուրս բերած եզը լինի2:
Վերջին նկատողությունը դուր չեկավ Կալոյի ինքնասիրությանը և նա ասաց.
– Ես եզն չեմ…
Երկու ամուսինները սուր կերպով նայեցան նրա վրա և ոչինչ չպատասխանեցին: Կալոյին հրամայեցին տանել խոհանոցը և հաց տալ ուտելու:
– Լեզուն երկար է երևում… – նկատեց Մասիսյանը. – կոշտ-կոպիտ է մեծացել… ջեր վարպետի ապտակ չի կերել… Բայց լավ բանվոր է:
– Բանելը յոլա կգնա, – պատասխանեց տիկինը. – աստված տա, գող չլինի:
– Հիմա, իհարկե, չի լի՛նի, հալա նոր է ձվից դուրս թռել. կամաց-կամաց կսորվի, հետո կգողանա:
– Ես չեմ թողնի, որ սորվի, – ասաց տիկինը:
Մասիսյանը անհավան կերպով գլուխը շարժեց և ծիծաղելով ասաց.
– Դու չես թողնի, բայց նա էլի կսորվի. շատ բան կա, որ արգելում ենք, բայց մարդիկ սովորում են առանց վարժապետի: Ղազի ճտին որքան արգելես, որ գետը չմտնի, չես կարող, հենց որ ձվից դուրս եկավ, կվազե դեպի ջուրը: Ո՞վ սովորացրեց նրան լեղ տալը:
Այս խոսակցությունը անց էր կենում բակումը, ուր այր և կին նստած էին մի քառանկյունի թախտի վրա, որ դրած էր նոր տերևները բացած ուռենու տակ և ծածկած էր կապերտով: Նրանց որդին՝ Ստեփանը,