Ոսկե աքաղաղ. Րաֆֆի
Читать онлайн книгу.թե բերանդ բաց ես անում, խոսում ես, մի լավ ծեծում են…
Թունին հասակով մի քանի տարով մեծ էր Միքայելից. լսելով իր ընկերի խոսքերը, խղճաց նրա դրության վրա և մտածեց օգնել նրան:
– Եկ, ես քեզ կտանեմ գյուղը, – ասաց նա:
– Ի՞նչպես գամ, էնտեղ էլ ապերը (հորեղբայրը) գլխիս կտա, կասի՝ ինչո՞ւ եկար: Չէ, Թունի ջան, – խոսքը փոխեց նա, – լավն էն է, գնամ, ջուրը ընկնեմ, միանգամով պրծնեմ…
Թունին մխիթարեց նրան, սիրտ տվեց և խոստացավ, թե Ավետ ապորը կասե, որ նրան գյուղը տանե: Միքայելը ուրախացավ, մանկական բարեսրտությամբ ուզեց իր ընկերին մի բանով վարձատրել:
– Գիտե՞ս, Թունի ջան, – ասաց նա, – լավ միտս եկավ. ես ճաներս (վեգ) խորել էի մեր մարագի դռան տակին, այնտեղ, որ մի քոթուկ (կոճղ) է դրած, կգնաս, կհանես. հարյուր հատից ավել է, ինչքան կուզես, դու վեր առ, մնացածը բաժանիր մեր ընկերներին: Ես որ չեմ կարողանում խաղալ, դուք էլա խաղացեք:
– Թոմասին բաժին չեմ տա, – ասաց ուրախացած Թունին, – նա լավ տղա չէ, անցյալ օր ինձ հետ կռվեց:
– Նրան էլ տուր, մեր ընկերն է, բարիշեցեք, – խոսեց խրատական կերպով Միքայելը: – Ի՞նչ կա, ընկերը ընկերի հետ կկռվի ու էլի կբարիշի, անցյալ գիշեր ես էլ Պողոսի հետ կռվեցա՝ մահակով խփեցի, գլխիցը արյուն գնաց:
– Պողոսի հե՞տ, – հարցրեց Թունին զարմանալով, – Պողոսը էստեղ ի՞նչ էր շինում:
– Երազումս կռվեցա, Թունի ջան. հենց որ զարթեցի, էնքան լաց էլա, էնքան լաց էլա, որ նրա գլուխը պատռեցի: Դրուստն ասա, Թունի ջան, նրան խո մի բան չի՞ էլել:
– Ոչինչ չի էլել, երեկ չէ մեկել օրը ինձ հետ խոսում էր, հետո միասին գնացինք իրանց բաղը, ծիրան կերանք:
Երկու փոքրիկ գյուղացիների խոսակցությունը ընդհատեց Թունիի հայրը, որ հեռվից հայտնվելով, կանչեց նրան.
– Էն ո՞ւմ հետ ես խոսում, ե՛կ, գնում ենք:
– Թունի ջան, հիմա որ գնում ես, – ասաց Միքայելը նրա փեշից բռնելով, – տատիս, ապորը, ամենին շատ բարև տար, ասա՛, որ տեսա Կալոյին:
– Կասեմ, – պատասխանեց Թունին և հեռացավ:
Միքայելը երկար կանգնած նայում էր իր ընկերի ետևից, հանկարծ մտաբերեց, թե բավական ուշացել է, և սկսեց վազել դեպի աղայի տունը:
Ը
Անցավ երեք տարի:
Միքայելի վիճակի մեջ այս երեք տարվա ընթացքում բավական փոփոխություն էր եղել: Այժմ նա տան հասարակ սպասավորից դառել էր «դուքնի աշակերտ». դա մեծ առաջադիմություն է. բայց ո՞րպես հաջողվեցավ:
Զարմանալի նախապաշարմունքներ կան այն կարգի մարդիկների մեջ, որոնց պատկանում էր Մասիսյանը: Շատ անգամ մեկը մի նոր ձի է գնել3, մի նոր շուն կամ կատու է բերել տունը, պատահում է, որ նույն միջոցում նրա գործերը լավ են գնում, «շան, կատվի կամ ձիու ոտը խերով է», – ասում է նա և այն անասուններին չէ հեռացնում իր տնից: Այսպիսի անասունը դառնում է մի նվիրական արարած այն տան համար, այնտեղ ծերանում է, այնտեղ մինչև մահը ծառայում է, և մեռնելուց հետո նրա գլուխը թաղում են նույն տան գլխավոր մուտքի դռան շեմքի տակ: Նույնը նկատվում է մարդկանց վերաբերությամբ: Տեսնում ես, մեկը ամուսնանում է, պատահում է, որ կնոջ ոտը նույնպես «խերով» է լինում, տղամարդի գործերը լավ են գնում, և կինը սիրվում է: Շատ անգամ ընդհակառակն է պատահում: Կինը իր հետ դժբախտություն է բերում, նրա ոտը «շառոտ» է լինում, ամեն բան «նասացնում» է և նա ատելի է դառնում… Նույնը պատահում է նոր ծնված երեխաների հայտնվելով. ոմանք բախտավորություն,